Սահմանադրագետը պարզաբանում է խորհրդարանական կառավարման համակարգի առանձնահատկությունները

Սահմանադրական իրավունքի մասնագետ Վարդան Այվազյան

Նորընտիր Ազգային ժողովի աշխատանքի մեկնարկով Հայաստանը այսօրվանից թևակոխում է խորհրդարանական պետություն դառնալու անցումային բեկումնային շրջան, որի հանգուցալուծումը կլինի արդեն հաջորդ տարեսկզբին, երբ նախագահ Սերժ Սարգսյանի լիազորությունների ավարտից հետո երկրի առաջին դեմքը կդառնա վարչապետը:

Բայց մինչ այդ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարության այսօրվա հրաժարականից հետո, Սահմանադրության կարգավորումների համաձայն, գործադիրի նոր ղեկավարին նշանակում է կրկին նախագահ Սարգսյանը:

«Կառավարության հրաժարականին պետք է հաջորդի հետևյալ գործընթացը․ Հանրապետության նախագահը պետք է նշանակի վարչապետ, վարչապետի ներկայացմամբ, պետք է նշանակի կառավարության անդամներին, ինչից հետո կառավարությունը պետք է Ազգային ժողովին ներկայացնի իր գործունեության ծրագիրը, որը պետք է հավանություն ստանա: Եվ այս կառավարությունը կաշխատի մինչև 2018 թվին Հանրապետության նախագահի լիազորությունների ավարտը: Հանրապետության նախագահի լիազորությունների ավարտի հետ միասին դարձյալ կառավարությունը հրաժարական կտա, և արդեն նոր կառավարությունը կձևավորվի բացառապես խորհրդարանական կառավարման ձևի պայմաններում», - «Ազատության հետ զրույցում պարզաբանեց սահմանադրական իրավունքի մասնագետ Վարդան Այվազյանը:

2018-ի ապրիլի 9-ին, երբ Սերժ Սարգսյանի նախագահական լիազորություններն ավարտվեն, Հայաստանը կդառնա լիարժեք խորհրդարանական պետություն: Նոր նախագահին, արդեն յոթ տարի ժամկետով ընտրելու են ոչ թե քաղաքացիները, այլ Ազգային ժողովը: Նոր նախագահը, ի դեպ, պետք է լինի անկուսակցական:

«Հանրապետության նախագահը ընտրվում է Ազգային ժողովի պատգամավորների մեկ չորրորդի առաջադրմամբ: Այսինքն տեսականորեն կարող է չորս թեկնածու լինել: Ընտրվում է Ազգային ժողովի պատգամավորների երեք չորրորդով: Եթե առաջին փուլով թեկնածու չի ստանում, ապա երկրորդ փուլով անհրաժեշտ է Ազգային ժողովի պատգամավորների երեք հինգերորդի ձայները: Եթե երկրորդ փուլով էլ երեք հինգերորդ թեկնածուներից ոչ մեկը չի հավաքում, ապա բավարար է Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը: Եթե այս ձայների հարաբերակցությամբ էլ չի ընտրվում, ապա նախագահի նոր թեկնածուների պիտի առաջադրեն, նոր ընտրություններ լինեն»:

Խորհրդարանական համակարգում երկրի առաջին դեմքը լինելու է վարչապետը․ նա է որոշելու կառավարության քաղաքականությունը, ղեկավարելու է Անվտանգության խորհուրդը: Զինված ուժերը ևս կառավարության ենթակայության ներքո կլինեն:

Վարչապետի թեկնածությունն առաջադրում է Ազգային ժողովում մեծամասնություն ունեցող ուժը, այս պահին՝ Հանրապետական կուսակցությունը, իսկ նախագահը պարտավոր է անհապահաղ հաստատել այդ թեկնածությունը․ - «Հանրապետության նախագահը վարչապետին կնշանակի մեծամասնության ներկայացրած կոնկրետ թեկնածուին: Տվյալ դեպքում նախագահը այլընտրանքի հնարավորություն չի ունենա: Վճռորոշ դերակատարությունը արդեն պատկանում է խորհրդարանական մեծամասնությանը»:

«Ազատության» հարցին՝ արդյո՞ք նոր համակարգում նախագահը նմանվում է «Անգլիայի թագուհուն», իրավաբանական գիտությունների թեկնածու Վարդան Այվազյանը պատասխանեց․ - «Եթե նախորդ կառավարման ձևի ժամանակ նախագահը, ասենք, համարվում էր ընտանիքի հայրը, ընտանիքի ամեն ինչի պատասխանատուն, ապա խորհրդարանական կառավարման ձևի ժամանակ այդ գործառույթը փոխանցվում է վարչապետին, իսկ Հանրապետության նախագահը դառնում է, այսպես ասենք՝ թոշակի անցած տան մեծը, պապիկը, որը բացառապես ընտանիքի ներդաշնակությունը ապահովում է իր անձնական մեծ հատկանիշների և մեծ հեղինակության հաշվին»:

Կառավարման նոր համակարգով քաղաքացիների կողմից ընտրվում է միայն Ազգային ժողովը, նախագահական ընտրություններ չեն լինի: Հետևաբար հաջորդ համապետական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան միայն 5 տարի հետո՝ 2022-ին, հաջորդ խորհրդարանի ընտրությունների ժամանակ: