Արա Բաբլոյանին Ազգային ժողովի նախագահի պաշտոնում առաջադրելու Սերժ Սարգսյանի առաջարկն անակնկալ էր, «Ազատության» հետ զրույցում ասաց քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։
«Արժե նկատել, որ Սերժ Սարգսյանն իր պաշտոնավարման ընթացքում կարծես թե յուրօրինակ ոճ ունի այդ տեսակ անակնկալներ մատուցելու, օրինակ՝ նույնը մենք տեսանք Ազգային անվտանգության ծառայության ղեկավարի պաշտոնի նշանակման առումով, երբ նորից անսպասելի անձ նշանակվեց, որի անունը մինչ այդ երբեք չէր շոշափվում։ Այս իմաստով, իհարկե, անակնկալ էր, մյուս կողմից՝ Արա Բաբլոյանին Ազգային ժողովի նախագահի պաշտոնում առաջադրելը ինչ-որ իմաստով նաև արտացոլում է այն իրավիճակը, որ կա իշխանական համակարգում, և այն խնդիրները, որ դրված են այդ համակարգի առաջ, առնվազն առաջիկա մեկ տարում՝ մինչև 2018 թվականը», - ասաց մեկնաբանը։
Արա Բաբլոյանի նշանակումը, ըստ Բադալյանի, ցույց է տալիս, որ Ազգային ժողովն առաջիկա տարում առնվազն ինչ-որ միջանկյալ կարգավիճակում է լինելու, և որ իշխանության ներսում կա դիրքային լուրջ պայքար ուժերի նոր դասավորության համար։
«Արա Բաբլոյանն ապաքաղաքական դեմք է ի վերջո, քաղաքական գործունեության ո՛չ ակտիվ, ո՛չ նույնիսկ պասիվ կենսագրություն չունի։ Իհարկե եղել է պատգամավոր, բայց հասկանալի է, որ առավելապես ապաքաղաքական նկարագրով, և այս իմաստով Ազգային ժողովի՝ քաղաքական թիվ մեկ կառույցի նախագահի պաշտոնին, այն էլ՝ խորհրդարանի կառավարման մոդելի անցման պայմաններում, նշանակվում է ապաքաղաքական անձ, և այս իմաստով սա առաջին հայացքից տարօրինակ է: Մյուս կողմից, մենք գիտենք, որ 2018-ի խնդիրը կա իշխանության առաջ՝ պետք է որոշվի նոր վարչապետը, նոր կառավարությունը, և Սերժ Սարգսյանը կթողնի նախագահի պաշտոնը, այստեղ մեծ անորոշություն է, ներիշխանական թևերի միջև առկա է որոշակի պայքար՝ թե՛ կառավարության, թե՛ ընդհանրապես մեծամասնության հարցում ստատուս քվոյի համար, և Արա Բաբլոյանի նշանակումն այս իմաստով խորհրդանշական է դարձնում Ազգային ժողովը՝ ցույց տալով, որ առաջիկա տարում առնվազն Ազգային ժողովն ինչ-որ միջանկյալ կարգավիճակում է լինելու, և իշխանության ներսում կա դիրքային լուրջ պայքար ուժերի նոր դասավորության համար», - ասաց քաղաքական մեկնաբանը։
Հարցին, թե Բաբլոյանի նշանակումը ժամանակավո՞ր է, Բադալյանը պատասխանեց. - «Բաբլոյանի առաջադրումը ցույց է տալիս, որ իշխանության մեջ այդ անորոշությունն իսկապես կա։ Այդ ուժերի հարաբերակցության նոր դասավորության պայքար իսկապես կա, և այս պահին չկա որոշակի հանգուցալուծում, որը թույլ կտար քաղաքական որևէ ֆիգուր նշանակել Ազգային ժողովի նախագահի պաշտոնում»։
Բադալյանը չբացառեց, որ Սերժ Սարգսյանը ունեցել է այլ առաջարկներ ևս։ «Մասնավորապես, գիտենք, որ Կարեն Կարապետյանի անունն էր շրջանառվում՝ Հանրապետական կուսակցության պատգամավոր, «Տաշիր գրուպ»-ի հիմնադիրներից, սեփականատերերից մեկը՝ Սամվել Կարապետյանի եղբայրը, որը բառացիորեն նախօրեին կարծես թե հայտարարել էր, որ իրեն հետաքրքիր չէ այդ պաշտոնը, և ինքն ավելի կարևոր գործեր է տեսնում Հայաստանում և ավելի կարևոր գործերով է զբաղված։ Չի բացառվում, որ Կարեն Կարապետյանը, օրինակ, հրաժարվեր Ազգային ժողովի պաշտոնից առնվազն այն հիմնավորմամբ, որ ներկայիս անորոշության պայմաններում Հայաստանում որևէ պաշտոն չի կարող քիչ թե շատ երկարաժամկետ համատեքստ ունենալ», - ասաց մեկնաբանը։