Միացյալ Նահանգների արդարադատության նախարարությունը Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) նախկին ղեկավար Ռոբերտ Մյուլերին հատուկ խորհրդատու է նշանակել Ռուսաստանի և Դոնալդ Թրամփի նախագահական ընտրարշավի միջև հնարավոր կապը հետաքննելու համար:
Գլխավոր դատախազի տեղակալ Ռոդ Ռոզենսթայնի խոսքով՝ այս որոշումը կայացվել է ոչ թե այն պատճառով, որ ինքը հավատում է, թե «հանցագործություն է տեղի ունեցել», այլ որպեսզի «Ամերիկայի ժողովուրդը վստահ լինի հետաքննության արդյունքների վրա»: «Ժողովրդի շահից է բխում, որ հետաքննությանը հետևի անկախ մարդ», - ասել է ԱՄՆ գլխավոր դատախազի տեղակալը:
Մյուլերի նշանակումից ժամեր անց նախագահ Դոնալդ Թրամփը Թվիթերի իր միկրոբլոգում գրել է, թե սա քաղաքական գործչի նկատմամբ «վհուկների ամենամեծ որսն» է Միացյալ Նահանգների պատմության մեջ: