Վեցերորդ գումարման Ազգային ժողովն սկսեց աշխատանքը

Վեցերորդ գումարման Ազգային ժողովն այսօր սկսեց իր աշխատանքը:

Նորընտիր խորհրդարանի առաջին նիստը բացեց տարիքով ամենաավագ պատգամավորը՝ Հանրապետականի ցուցակով ընտրված՝ ազգությամբ քուրդ Կնյազ Հասանովը: Ապա օրհնանքի խոսք ասաց Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը, վեցերորդ գումարման Ազգային ժողովին ուղերձ հղեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Սերժ Սարգսյանն իր ելույթում մասնավորապես նշեց. - «Կառավարման խորհրդարանական ձևին անցնելու միջոցով մենք էապես փոքրացրել կամ նույնիսկ վերացրել ենք քաղաքական դիմակայությունը կամ ճգնաժամը հանրային առճակատման վերածելու վտանգը։ Խորհրդարանական կառավարման ձև հաստատելով մենք չեզոքացրել ենք քաղաքական մենիշխանության սպառնալիքը։ Կարծում եմ, որ սահմանադրական փոփոխությունները վերացրեցին նաև իշխանության տարբեր մարմինների և պաշտոնատար անձանց գործառույթների ու լիազորությունների միջև առկա անհամամասնությունները»։

Ընդդիմադիր «Ելք» խմբակցության պատգամավորները նիստերի դահլիճ ժամանեցին նախագահի ելույթից հետո:

Ակնկալվում է, որ նիստի ժամանակ կընտրվեն Ազգային ժողովի նախագահը, փոխնախագահները, խորհրդարանական հանձնաժողովների ղեկավարությունը:

Մանրամասները՝ ավելի ուշ