Թբիլիսին քննադատում է ԵՄ հատուկ ներկայացուցչի Հարավային Օսիա այցը և հայտարարությունները

Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբեր, արխիվ

Պաշտոնական Թբիլիսին խստորեն քննադատում է Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին` Հարավային Օսիա կատարած այցի և այնտեղ հնչեցրած հայտարարությունների համար:

Երեքշաբթի օրը այցելելով Ցխինվալի, Զալբերը հանդիպել էր ինքնահռչակ հանրապետության նորընտիր նախագահ Անատոլի Բիբիլովի հետ` շնորհավորելով նրան Հարավային Օսիայի ղեկավարի պաշտոնում ընտրվելու առթիվ:

«Ես ցանկանում եմ շնորհավորել Ձեզ այստեղ կազմակերպված ընտրությունների արդյունքների, ինչպես նաև այս կարևոր պաշտոնը զբաղեցնելու առթիվ: Հուսով եմ, որ ժնևյան ձևաչափում ընթացող բանակցություններին մոտ ապագայում նոր լիցք կհաղորդվի: Այդ քննարկումների առանցքային թեման, իհարկե, ուժի կիրառումից զերծ մնալու պարտավորությունն է լինելու», - հայտարարում էր Եվրամիության ներկայացուցիչը Հարավային Օսիայի ղեկավարի հետ հանդիպման ժամանակ:

Զալբերի այցի հաջորդ օրն արդեն պաշտոնական Թբիլիսին կտրուկ կերպով արձագանքեց եվրոպացի պաշտոնյայի` Ցխինվալիում հնչեցրած հայտարարություններին: Երեկ կեսօրին Վրաստանի արտաքին գործերի նախարարություն էր հրավիրվել Եվրամիության թբիլիսյան պատվիրակության ղեկավար Յանոշ Հերմանը: Նրա հետ հանդիպեց ԱԳ փոխնախարար Դավիթ Դոնդուան:

«Այն ամենը, ինչ հայտարարում էր Եվրամիության հատուկ ներկայացուցիչը, առնվազն անհասկանալի էր և անընդունելի: Այդ հայտարարությունները հակասում էին միջազգային իրավունքի նորմերին և չէին նպաստում Վրաստանի և միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերին, որոնց գլխավոր նպատակը հակամարտության խաղաղ կարգավորումն է», - հայտարարում էր Դավիթ Դոնդուան՝ հույս հայտնելով, որ Եվրամիության ղեկավարությունը հստակ գնահատական կհնչեցնի կատարվածի առթիվ:

Եվրամիության պատվիրակության ղեկավար Յանոշ Հերմանը ևս Վրաստանի արտաքին գործերի նախարարությունում կայացած հանդիպման ավարտին նշում էր, որ իր գործընկերոջ` Հարավային Օսիայում արած հայտարարությունները որևէ առնչություն չունեն Բրյուսելի պաշտոնական տեսակետի հետ:

Վրաստանի կառավարության ներկայացուցիչները նույնպես համոզված են` Հերբերտ Զալբերը Ցխինվալիում, փաստորեն ճանաչելով հարավօսական ընտրությունների արդյունքները, արտահայտել է իր անձնական, այլ ոչ թե Եվրամիության հավաքական տեսակետը:

«[Զալբերի] լրատվամիջոցներում մեջբերվող հայտարարությունները հակասում են Եվրամիության պաշտոնական տեսակետին: Ամեն դեպքում, այդ հայտարությունների պատճառով կարիք չկա ենթադրել, թե Եվրամիության մոտեցումները փոփոխության են ենթարկվել», - հայտարարում էր սառեցված հակամարտություններով զբաղվող գլխավոր պաշտոնյան` Վրաստանի հաշտեցման և քաղաքացիական իրահավասարության նախարար Քեթևան Ցիխելաշվիլին: