Վաշինգտոնում տեղի ունեցած ծեծկռտուքը կապվում է Էրդողանի թիկնապահների անվան հետ

Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան մոտ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ ցույցն ավարտվել է արյունալի բախումներով. ամերիկյան պաշտոնական աղբյուրների փոխանցմամբ՝ 9 մարդ տուժել է, կա երկու ձերբակալված: Առայժմ հայտնի չէ ո՛չ ձերբակալվածների, ո՛չ էլ տուժածների ազգությունը:

Ամերիկյան առաջատար լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում հայտնված այս միջադեպը տեղի է ունեցել երեկ՝ ամերիկյան մայրաքաղաքում Էրդողան – Թրամփ հանդիպումից հետո: «Ամերիկայի ձայն»-ի թուրքական ծառայության տվյալներով, բախումների պահին Էրդողանը գտնվել է դեսպանատանը:

Թուրքական դիվանագիտական ներկայացուցչության մոտ հավաքվել են ինչպես էրդողանի ընդդիմախոսներ՝ այդ թվում հայկական, ասորական, հունական, քրդական կազմակերպությունների ներկայացուցիչներ, այնպես էլ թուրքական իշխանությունների աջակիցներ: Վերջիններիս զայրացրել էին Էրդողանին և Թուրքիային քննադատող կարգախոսներն ու պաստառները: Համացանցում հայտնված տեսանյութերում երևում է, թե ինչպես են Էրդողանի կողմնակիցները, ճեղքելով ոստիկանական պատը, հարձակվել խաղաղ ցուցարարների վրա ու բռունցքներով, ոտքերով հարվածներ հասցրել նրանց: Բախման արդյունքում խաղաղ ցույցի մասնակիցները վնասվածքներ են ստացել, ոմանք արնաշաղախ էին եղել:

«Նման բռնություն երբեք չես ակնկալի տեսնել Միացյալ Նահանգների մայրաքաղաքում։ Նման բռնություն կարող ես տեսնել Էրդողանի Թուրքիայում», - դեպքի վայրից մեկնաբանել է ցույցին մասնակցող Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը շարունակելով. - «Սա այն անհանդուրժողականությունն է, որ իշխում է Թուրքիայում, և նրանց շնորհիվ այն դրսևորում ստացավ նաև Վաշինգտոնում»։

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի պնդմամբ՝ հարձակվողները պարզապես ցուցարարներ չէին, այլ հատուկ պատրաստություն անցած անձինք, որոնք հավանաբար եղել են Էրդողանի անվտանգության ծառայությունից:

The Guardian թերթն էլ է գրում, որ հարձակվողները էրդողանի թիկնապահներն էին: Վկայակոչելով ականատեսների պատմածը՝ բրիտանական պարբերականը հայտնում է, որ բախումը սկսվել է այն պահին, երբ Թուրքիայի նախագահի անվտանգության աշխատակիցները հարձակվել են քրդական «Դեմոկրատական միություն» կուսակցության դրոշը ծածանողցուցարարների վրա:

«Կոստյումներով տղամարդիկ հարվածում են ցուցարարներին, գետնին տապալում նրանց, ապա ոտքերով հարվածներ հասցնում, երբեմն՝ գլխին», - նկարագրում է The Daily Mail-ը:

Սա էրդողանի թիկնապահների անվան հետ կապվող առաջին աղմկահարույց միջադեպը չէ: 2009 թվականին՝ Նյու Յորքում, Թուրքիայի նախագահի թիկնազորը ծեծկռտուքի է բռնվել Սպիտակ տան նախկին ղեկավար Բարաք Օբամայի անվտանգության աշխատակազմի հետ, ինչպես թուրքական լրատվամիջոցներն էին փոխանցում՝ բանը հասել էր նրան, որ ծեծկռտուքին միջամտել է Էրդողանը, արդյունքում՝ ամերիկացի թիկնապահներից մեկը, քաշելով Էրդողանի ձեռքից, դուրս է բերել նրան այդ ընդհարումների վայրից: Երկու տարի առաջ էլ՝ Բելգիա կատարած այցի ընթացքում, Էրդողանի անվտանգության ծառայության աշխատակիցները հայտնվել էին սկանդալի կենտրոնում՝ կռվի բռնվելով բելգիացի գործընկերների հետ: