Բախումներ Վաշինգտոնում խաղաղ ցուցարարների ու Էրդողանի աջակիցների միջև, կան վիրավորներ

Լուսանկարը՝ Հայ Դատի ԱՄՆ հանձնախմբի պաշտոնական կայքէջից

Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան մոտ բախումներ են տեղի ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի աջակիցների և խաղաղ ցուցարարների միջև։

«Ասոշիեյթիդ Փրես»-ի փոխանցմամբ, 9 մարդ վիրավորվել է։ Երկու մարդ ձերբակալվել է։

Ըստ Հայ Դատի ԱՄՆ հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի, երբ խաղաղ ցուցարարները, օգտվելով ազատ խոսքի իրենց իրավունքից, բողոքի ցույց էին անցկացնում դեսպանատան դիմաց, Էրդողանի կողմնակիցները, ճեղքելով ոստիկանական պատը, հարձակվել են նրանց վրա ու բռունցքներով, ոտքերով սկսել հարվածներ հասցնել ցուցարարներին։

«Նման բռնություն երբեք չես ակնկալի տեսնել Միացյալ Նահանգների մայրաքաղաքում։ Նման բռնություն կարող ես տեսնել Էրդողանի Թուրքիայում», - ասել է Հայ Դատի ԱՄՆ հանձնախմբի գործադիր տնօրենը՝ շարունակելով. - «Սա այն անհանդուրժողականությունն է, որ իշխում է Թուրքիայում, և նրանց շնորհիվ այն դրսևորում ստացավ նաև Վաշինգտոնում»։

Ըստ Հայ Դատի ԱՄՆ հանձնախմբի պաշտոնական կայքէջի, ցույցը նախաձեռնել էին մի քանի կոալիցիոն կազմակերպություններ, այդ թվում՝ Հայ դատի հանձնախումբը, Ամերիկայի Հելենական խորհրդը, մի շարք այլ՝ քրդական, ասորական և հունական կազմակերպություններ:

Հիշեցնենք, երեկ Վաշինգտոնում տեղի է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնադ Թրամփի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հանդիպումը։