Միջազգային դիտորդները հավելյալ բարեփոխումների կարիք են տեսնում ընտրատեղամասերից դուրս

Երևանի ավագանու ընտրությունները դիտարկած Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի պատվիրակությունն այսօր արձանագրել է՝ նոր ընտրական օրենսգիրքը և տեխնիկական սարքավորումները անկասկած բարելավել են իրավիճակը ընտրատեղամասերում, սակայն ժողովրդավարական հավելյալ բարեփոխումներ են պետք ընտրատեղամասերից դուրս:

«Ինչպես ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններում, այնպես էլ Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ դիտորդները ձայների գնման և կաշառքի մասին պնդումներ են լսել, որը բնորոշվել է որպես Հայաստանում առկա համակարգային խնդիր: Բացի այդ, առկա է պետական ծառայողների նկատմամբ ճնշումների և վարչական ռեսուրսի չարաշահման խնդիրը», - հայտարարում են Երևանում 100 տեղամաս այցելած միջազգային դիտորդները:

Դիտորդները նաև հայտարարում են, որ իրենց այցելած գրեթե բոլոր տեղամասերի դիմաց տարածքից չհեռացող մարդկանց են նկատել, ինչը ստեղծել է ընտրությունների վերահսկման տպավորություն:

«Մենք նաև նկատեցինք, որ ընտրողներին ավտոբուսներով ընտրատեղամասեր են բերում: Իշխանությունները պետք է լրջորեն զբաղվեն այս խնդիրներով, որպեսզի ընտրությունների և ընդհանարապես վարչակազմի նկատմամբ վստահությունը ավելանա»,- հայտարարում է դիտորդական առաքելության ղեկավար Լիիսա Անսալան:

Դիտորդական առաքելությունը երևանյան ընտրությունների վերաբերյալ զեկույցը կներկայացնի հունիսի 27-ին: