ԶԼՄ-ներն ու փորձագետները Թրամփ-Էրդողան հանդիպման բավականաչափ ընդգրկուն օրակարգ են կանխանշում

Թրամփ-Էրդողան հանդիպմանն ընդառաջ՝ իրավապաշտպան խմբերը ԱՄՆ-ի նախագահին կոչ են անում այդ հանդիպմանը բարձրացնել Թուրքիայում մարդու իրավունքների և ժողովրդավարության հետ կապված հարցերը:

Այսօր Վաշինգտոնում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփթ Էրդողանի հետ: Միջազգային լրատվամիջոցները և փորձագետները ներկայացնում են այն հարցերը, որոնք, ամենայն հավանականությամբ, ընդգրկված կլինեն երկու առաջնորդների առաջին հանդիպման օրակարգում:

Նախ՝ ակնկալվում է, որ Էրդողանը կփորձի Դոնալդ Թրամփին համոզել՝ հետ կանգնել Սիրիայում քրդական ջոկատներին զինելու՝ Վաշինգտոնի պլաններից: Մայիսի 12-ին լրագրողների հետ զրույցում Էրդողանը հույս էր հայտնել, որ այդ հարցում իրենց հանդիպումը շրջադարձային կլինի: Էրդողանը նաև կշարունակի պնդել ԱՄՆ-ում բնակվող կրոնական գործիչ Ֆեթուլահ Գյուլենին Թուրքիային արտահաձնելու հարցը: Գյուլենը Էրդողանի քաղաքական հակառակորդն է համարվում, վերջին տարիներին Թուրքիայում Գյուլենի համակիրների դեմ կոշտ պայքար է տարվում, Անակարան նաև պնդում է, որ հենց նա է կանգնած ձախողված հեղաշրջման վերջին փորձի հետևում:

Ակնկալվում է նաև, որ Էրդողանը լոբբինգ կանի ԱՄՆ-ում բանտարկված թուրք-իրանցի գործարար Ռեզա Զարաբիի համար, հորդորելով ազատ արձակել վերջինիս: Ռեզա Զարաբին մեղադրվում է Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցները շրջանցելու, Իրանի հեղափոխության պահապաններին և իրանցի այլ գործընկերներին օգնելու, նրանց հետ խոշոր գործարքներ կատարելու մեջ:

Դեռ 2013-ին Թուրքիայում Զարաբիին առնչվող կոռուպցիոն գործեր էին քննվում: 2013-ի դեկտեմբերին նա ձերբակալվել էր Թուրքիայի մի քանի նախարարների որդիների, նաև Էրդողանի որդու հետ կապված մի կոռուպցիոն սկանդալի շրջանակում, սակայն, մեկուկես ամիս անց ազատ էր արձակվել: Այն ժամանակ վարչապետ Էրդողանը ճնշում էր գործադրել դատախազների վրա՝ Զարաբի վրայից խոշոր կաշառքներին առնչվող մեղադրանքները հանելու համար: Արդյունքում՝ պաշտոնանկ էին արվել նրա դեմ մեղադրանքներ առաջադրած դատախազները:

ԱՄՆ-ի իրավապահների տվյալներով, այդ մեղադրանքները տասնյակ միլիոնավոր դոլարների հասնող կաշառքների մասին են, որ տրվել են Թուրքիայի նախարարական մակարդակի պաշտոնյաներին ու բանկերի բարձրաստիճան աշխատակիցներին՝ Իրանի անունից Զարաբիի գործարքներին աջակցելու համար:

2016 թվականին Ռեզա Զարաբին ձերբակալվել է Միացյալ Նահանգներում: Նա մեղադրվում է Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոները շրջանցելով՝ Թեհրանին օգնելու, անթույլատրելի գործարքներ կատարելու և փողերի լվացման հոդվածներով: Թուրքիայում բնակվող 33-ամյա գործարարը ծնվել է Իրանում, առավելապես ադրբեջանաբնակ Թավրիզ քաղաքում: Նա Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքացիություն ունի, ինչպես նաև մակեդոնական անձնագիր:

Անցած ամիս հրապարակված դատական փաստաթղերը ցույց են տալիս, որ Զարաբիի փաստաբանը և Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդոլֆ Ջուլիանին փետրվարին հանդիպում են ունեցել Էրդողանի հետ և քննարկել գործարարին ազատելու հնարավորությունները: Ջուլիանին Թուրքիայում գրանցված իրավաբանական գրասենյակ ունի: Նա նախկին դատախազ է, Թրամփի նախընտրական արշավում հանդիսացել է վերջինիս խորհրդականներից մեկը և հիմա, Հետաքննությունների դաշնային բյուրոյի նախկին տնօրեն Ջեյմս Քոմիի պաշտոնանկությունից հետո, համարվում է այդ պաշտոնի հավանական հավակնորդներից մեկը:

Նյու Յորքի նախկին քաղաքապետի վերոհիշյալ կապերը գտնվում են ամերիկյան պատժամիջոցները շրջանցելու հետ կապված գործը քննող՝ Մանհեթենի դատարանի սևեռուն ուշադրության ներքո: Մեկ օր առաջ դատարանն ավելի մանրամասն տեղեկություններ է պահանջել Ջուլիանիի և Թուրքիայի կապերի մասին:

Թուրքիայում նախկին դատախազ, այժմ ԱՄՆ-ի Ջորջ Մեյսոնի համալսարանի պրոֆեսոր Ահմեդ Յայլան Modern Diplomacy պարբերականում օրերս հրապարակած հոդվածում գրել է, թե Էրդողանը գիտի, որ Ռեզա Զարաբին իր դեմ ցուցմունքներ կտա, եթե տեսնի, որ Թուրքիան չի փորձում իրեն բանտից ազատել: Յայլայի կարծիքով՝ Էրդողանը Թրամփի վրա ճնշում գործադրելու համար կօգտագործի Թուրքիայի հարավում գտնվող՝ ԱՄՆ-ի համար ծայրահեղ կարևոր նշանակություն ունեցող «Ինջիլիք» ավիաբազայի վարձակալության գործոնը:

Մինչ Վաշինգտոն մեկնելը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ասել էր, որ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումը թուրք-ամերիկյան հարաբերությունների նոր սկիզբ կլինի: Թրամփ-Էրդողան հանդիպմանն ընդառաջ՝ իրավապաշտպան խմբերը ԱՄՆ-ի նախագահին կոչ են անում այդ հանդիպմանը բարձրացնել Թուրքիայում մարդու իրավունքների և ժողովրդավարության հետ կապված հարցերը: