Հրազդանում թղթե արկղի մեջ նորածնի դի է հայտնաբերվել, մահվան հանգամանքները պարզվում են. ՔԿ

Տեսարան Հրազդան քաղաքից, արխիվային լուսնկար

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ մայիսի 15-ին ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Շահումյան փողոցի թիվ 10 հասցեում գտնվող կանաչապատ հատվածում՝ խոտերի վրա՝ թղթե արկղի մեջ, հայտնաբերվել է արական սեռի նորածին երեխայի դիակ՝ պոլիէթիլենային պարկով փաթաթված:

«Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը, կատարվել է դեպքի վայրի զննություն։ Նորածնի մահվան հանգամանքները պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որի կատարման ընթացքում դատաբժիշկների կողմից բռնության հետքեր երեխայի վրա չեն հայտնաբերվել։ Հանձնարարություն է տրվել ոստիկանության ստորաբաժանումներին ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ՝ նորածնի մոր, ինչպես նաև փոքրիկի մարմինը նշված տարածք տեղափոխած անձի (անձանց) ինքնությունը պարզելու ուղղությամբ», - ասված է հաղորդագրությունում։