Ադրբեջանի զինված ուժերը երեք հրթիռային հարված են հասցրել Ղարաբաղի ուղղությամբ, վնասվել է երկու միավոր զինտեխնիկա, որոնցից մեկը «ՕՍԱ» տեսակի զենիթահրթիռային համակարգ է, մյուսը՝ ոչ մարտական: Այս մասին «Ազատությանը» տեղեկացրեց Հայաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Նրա խոսքով՝ հարվածներից միայն մեկն է հասել նշանակետին:
«Հրթիռով փորձել են խոցել զինտեխնիկա, տվյալ դեպքում հակաօդային միջոց, բայց կոնկրետ այդ միջոցն այդքան չի վնասվել: Այրվել է ուրիշ մեքենա, որ ոչ մի կապ չունի զենիթահրթիռային «ՕՍԱ» համակարգի հետ, և մարդկային կորուստներ էլ չեն եղել: Այդ մասին հայտնել է նաև Պաշտպանության բանակը»,- ասաց Հովհաննիսյանը: Մինչդեռ՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը երեկ հայտարարել էր, որ մեկ «ՕՍԱ» համալիր է ոչնչացրել, մեկ լիցքավորող մեքենա և դրանք սպասարկող անձնակազմը։
Հրթիռային հարվածների հետևանքով հայկական կողմը վիրավորներ նույնպես չունի, վստահեցնում է Հովհաննիսյանը: Թե ինչ նշանակության էր վնասված երկրորդ՝ ոչ մարտական տեխնիկան, նա չմանրամասնեց: Հարվածներն արձակվել են պաշտպանական գծի արևելյան ուղղությամբ, երկուշաբթի՝ 16:30-ի սահմաններում։ Ղարաբաղի պաշտպանության նախարարությունն այսօր տեղեկացրեց, որ Ադրբեջանական կողմը կիրառել է «Սպայկ» տեսակի իսրայելական հեռակառավարվող հրթիռներ։ Համացանցային բաց աղբյուրներից տեղեկանում ենք, որ այդ հրթիռի արժեքը մոտ 200 հազար դոլար է։
«Էնպես էլ չի, որ հենց առաջին խոցումից, առաջին արձակումից կարողացել են դիպչել: Դա, բնականաբար, իրենք չեն խոստովանի: Քողարկման գործողությունները, գրագետ մարտավարական աշխատանքը թույլ է տվել խուսափել մեծ վնասներից, տվյալ դեպքում համալիրի կորստից»,- պարզաբանեց Արծրուն Հովհաննիսյանը:
Վերջին անգամ ադրբեջանական կողմը «Սպայկ» հրթիռներ էր կիրառել անցած տարի՝ ապրիլյան պատերազմի օրերին։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը պաշտոնապես դատապարտել է ադրբեջանական կողմի հրթիռային հարվածները՝ դրանք «սադրիչ գործողություններ» որակելով։ Ղարաբաղյան կողմն էլ հայտարարում է՝ «սադրանքն անպատասխան չի մնալու»։
Վերջին մեկ օրվա ընթացքում Հայաստանի սահմաններին կրակոցները շատ չեն եղել, մինչդեռ Ղարաբաղյան շփման գծում Ադրբեջանի զինված ուժերը մոտ 1200 կրակոց են արձակել, օգտագործվել է նաև ականանետ և նռնականետ։ Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանի խոսքով՝ սահմանում իրավիճակը վերահսկելի է, բայց իրենք միջազգային հանրությունից կտրուկ հասցեական քայլեր են ակնկալում։
«Սա կարելի է որակել որպես ահաբեկչություն, ընդ որում ահաբեկչություն, որն ուղղված է ոչ միայն Արցախի, Հայաստանի դեմ, այլ՝ միջազգային հանրությանն առհասարակ, և նույն ԵԱՀԿ գրասենյակի փակումը Ադրբեջանի ջանքերով ողջ հարավկովկասյան տարածաշրջանում դրա վառ վկայությունն է»,- ասաց Բաբայանը: Նրա կարծիքով, հրթիռային հարվածների պատճառը Ադրբեջանի հասարակության ուշադրությունը ներքին խնդիրներից շեղելն էր։
Երեկ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել էր, որ անցած ամիս Մոսկվայում Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարների հետ հանդիպումից հետո իր մոտ տպավորություն է ստեղծվել, թե տարածքներից հայկական զորքերը դուրս հանելու դիմաց խաղաղության հաստատումը հնարավոր է, այլ կերպ ասած, տարածքներ՝ խաղաղության դիմաց տրամաբանությամբ։ Հայաստանի խորհրդարանի Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ Թևան Պողոսյանի կարծիքով՝ այս հայտարարությունից կարելի էր հետևություն անել, որ կարող է նոր սադրանք լինել։
«Ինձ թվում է Ադրբեջանի և Հայաստանի երկխոսությունն այսօրվա դրությամբ կատարվել է հենց «Սպայկ»-ի օգտագործմամբ, ոչ թե Մամեդյարովի խոսքերով: Իսկ Մամեդյարովի խոսքերն ավելի շատ միջազգային հանրությանն են ուղղված, որ նայեք՝ մենք խոսում ենք խաղաղության մասին, իսկ Հայաստանը հիմա մեզ պատասխանում է: Սա նախապատրաստումն է այս տեսակի գործողությունների»,- ասաց Պողոսյանը:
Ղարաբաղյան կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն առաջիկա հունիսին կամ հուլիսին այցելելու են տարածաշրջան: Թևան Պողոսյանի կարծիքով՝ սպասվող բանակցություններից առայժմ ոչինչ պետք չէ սպասել, քանի որ Ադրբեջանը երեկվա գործողությամբ էլ ապացուցեց՝ հարցի լուծումը ռազմական ճանապարհով է տեսնում։