Ընտրողների ուղղորդում, կեղծ դիտորդներ տեղամասերում, ընտրակաշառքի դեպքեր, ուրիշի փոխարեն քվեարկություն․ սրանք այն հիմնական ընտրախախտումներն են, որոնք երեկ արձանագրել են անկախ դիտորդական կազմակերպությունները։ Այս ամենը հաշվի առնելով տեղական դիտորդները հայտարարում են՝ իշխող հանրապետականի քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանի ստացած 71 տոկոս ձայնը չի արտացոլում երևանցիների կամքը:
«Իրավունքի եվրոպա» միավորման ղեկավար Տիգրան Եգորյանն «Ազատության» հարցին ի պատասխան հայտարարեց, թե դա Հանրապետական ստացած ձայները չեն․ - «Ամենը, ինչի մասին մենք խոսում էին, ինչի մասին պարոն Սաքունցը ներկայացնում էր, ինչի մասին ես փորձեցի հնարավորինս սպառիչ անդրադառնալ, էս ամենը հենց այն փաստերն են, որոնք ցուցանում են, որ Ձեր հարցի պատասխանը ոչ է, որ դա նրանց ստացած ձայները չեն: Եվ էստեղ չի գործում էն տրամաբանությունը, որ եթե Ա-ին կամ Բ-ին տվել են կաշառք, և նա եկել և քվեարկել է, ուրեմն Ա-ն կամ Բ-ն իրենց ձայնը տվել են Հանրապետականին»:
«Անկախ դիտորդ» նախաձեռնության անդամ, իրավապաշտպան Արթուր Սաքունցը նույնպես կարծում է, որ երևանցիների կամքը հաշվի չի առնվել: Սաքունցը հիշեցրեց ընդամենը օրեր առաջ ընդդիմադիր «Ելք»-ի ահազանգը ընտրակաշառքի մասին և այդ հարցով բողոքի մերժումը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից։ Ըստ նրա, հանձնաժողովն անգամ հակափաստարկներ չբերեց՝ չփարատելով ընտրակաշառքի վերաբերյալ կարծիքները։
«Տիգրան Մուկուչյանի գլխավորած հանձնաժողովը զբաղված է Հանրապետականի շահերի պաշտպանությամբ», - պնդում է իրավապաշտպանը։ - «Այս պարագայում 70 տոկոս ձայն հավաքած կուսակցության մասնակցության դեպքում ընտրության արդյունքները չեն համապատասխանում իրականությանը: Կեղծված են»:
Դիտորդներն ընդգծում են, թե այս ընտրություններն հետքայլ են մեկուկես ամիս առաջ անցկացված խորհրդարանական ընտրությունների համեմատ:
«Անկախ դիտորդ» նախաձեռնության անդամ, «Իրազեկ քաղաքացիների» միավորման ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը թվարկում էր արձանագրածը․ - «Ինչպես է տեղի ունենում ձայների մի զգալի մասի, այդ 70 տոկոսի մի զգալի մասին գոյացությունը: Մարդկանց վրա կիրառվում են ճնշումներ՝ վարչական ռեսուրսի չարաշահման տեսքով, մարդկանց տալիս են ընտրակաշառք՝ հաճախ այնպես, որ այդ ընտրակաշառքից չի կարելի հրաժարվել: Եվ երրորդ կարևոր բաղադրիչը՝ մարդկանց քվեարկության գաղտնիությունը խախտում են, որպեսզի տեսնեն, թե էս մարդիկ ոնց քվեարկեցին: Այս պայմաններում մարդիկ հաճախ չեն կարող, ուզում են քվեարկել այլ ուժի, բայց չեն կարողանում քվեարկել․․․ Այո՛, էդ նշանը դնում են Հանրապետական կուսակցության անվան դիմաց, բայց դա դեռ չի նշանակում, որ Հանրապետական կուսակցությանն են ընտրել»:
Դիտորդի մատնանշած Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի 7/53 տեղամասում, որտեղ Հանրապետականը նախնական տվյալներով 95 տոկոս ձայն է ստացել, տրցակների հաշվարկ չի արվել։ Իոաննիսյանի պնդմամբ՝ թվերը պարզապես «նկարվել են» արձանագրության մեջ․ - «Տրցակները չեն հաշվել ու չեն էլ թողել, որ որևիցե մեկը հաշվի: Պարզապես հայտարարել են ինչ-որ արդյունքներ, ընդ որում հետո էլ էդ արդյունքները փոխել են․ սկզբից հայտարարել են՝ «Ելք»-ը 26 ձայն, Հանրապետականը 430-440 ձայն, հետո որոշել են, որ էդ թիվն էլ ա շատ «Ելք»-ին, ու է՛լ ավելի են կրճատել: Արձանագրության մեջ գրել են «Ելք»-ը 10 ձայն, Հանրապետականը 448»:
Կեղծ դիտորդներ հայտնաբերած դիտորդներն նշում են, որ այդ անձինք չեզոք լինելու փոխարեն հանդես էին գալիս որպես Հանրապետականի վստահված անձ, ուղղորդում ընտրողներին, նրանց տեղամասեր բերում։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն այսօր այս հարցի հետ կապված «Ազատությանն» ասել է, որ ահազանգերից հետո երեկ դուրս են հրավիրել կեղծ դիտորդներին։ Մուկուչյանը նշել է, որ այս հարցում օրենսդրական լուծման անհրաժեշտություն կա։ Ըստ նրա, դիտորդական կազմակերպությունը իրենց է ներկայացնում դիտորդների ցանկը, բայց վկայականի վրա կազմակերպությունն է գրում դիտորդի անուն ազգանունը․ - «Էստեղ խնդիրը հետևյալն է: Նախ հետագայի հետ կապված սանկցիաների կիրառման հնարավորություն չկա: Ըստ էության, որպես օպերատիվ լուծում պահանջող հարց, երեկ անմիջապես արձագանքը եղել է․ նման քաղաքացիները դուրս են հրավիրվել տեղամասային կենտրոններից: Իսկ առաջիկայում Ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան ԿԸՀ-ն նաև համապատասխան հաղորդագրությամբ է հանդես գալիս Ազգային ժողովում: Եվ ես կարծում եմ, որ այդ առումով կլինի նաև առաջարկություն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից, որպեսզի լինի այնպիսի օրենսդրական լուծում կամ մեխանիզմներ, որը հետագայում բացառի նման երևույթների կրկնությունը կամ ի հայտ գալը»: