«Պաշտոնական արդյունքներն, ընդհանուր առմամբ, ձևավորվել են ընտրություններին մասնակցած քաղաքացիների քվեարկության արդյունքում»․ «Ելք»

«Ելք» դաշինքը 2017 թվականի մայիսի 14-ին տեղի ունեցած Երևանի ավագանու ընտրությունների վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, նշված է որ «ընտրությունների պաշտոնական արդյունքներն, ընդհանուր առմամբ, ձևավորվել են ընտրություններին մասնակցած քաղաքացիների քվեարկության արդյունքում, և «Ելք» դաշինքին հաջողվել է արձանագրել իր օգտին տրված յուրաքանչյուր քվե»:

Հայտարարության մեջ դաշինքը նաև նշում է․ «Ընտրական պրոցեսի ընթացքում Հանրապետական կուսակցության նախընտրական շտաբներից համատարած ընտրակաշառքներ են բաժանվել, այդ գործընթացը ունեցել է կազմակերպված և կենտրոնացված բնույթ, ինչի վերաբերյալ «Ելք» դաշինքին հաջողվել է ձեռքբերել անառարկելի ապացույցներ: Այս ապօրինի երևույթից բխող մի շարք խախտումներ տեղ են գտել ընտրական տեղամասերում, ինչը արձանագրվել է դաշինքի վստահված անձանց կողմից:

ՀՀ իրավապահ մարմինները ընտրակաշառքների դեմ պայքարում ցուցաբերել են համատարած անգործություն, իսկ որոշ դեպքերում հովանավորել են այդ գործընթացը, ընդհուպ խոչընդոտելով կատարված ընտրական հանցագործությունների բացահայտմանը: «Ելք» դաշինքին հաջողվել է ձեռքբերել և հրապարակել անառարկելի ապացույցներ, որ ՀՀ ոստիկանությունը լծված է եղել ՀՀԿ-ի օգտին ձայներ ապահովելու գործին, ինչը կոպտորեն հակասության մեջ է մտնում Ոստիկանության քաղաքական չեզոքության մասին ՀՀ օրենսդրության պահանջների հետ: Քվեարկության օրը Ոստիկանության ներկայացուցիչները բռնություններ են գործադրել «Երկիր ծիրանի» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Զարուհի Փոստանջյանի և նրա դստեր նկատմամբ, ըստ էության խոչընդոտելով ընտրակաշառքների բաժանման վերաբերյալ հերթական փաստի բացահայտմանը:

Ընտրակաշառքների բաժանման և ստացման շղթայում ներգրավված են եղել տասնյակ հազարավոր քաղաքացիներ, և այդ երևույթի նկատմամբ ձևավորված է հանրային հանդուրժողականության մթնոլորտ, ինչը Հայոց պետականության հիմքում դրված դանդաղ գործողության ռումբ է»: