«Տարածքներ՝ խաղաղության դիմաց» տրամաբանությամբ լուծումը հնարավոր է․ Մամեդյարով

Էլմար Մամեդյարով, արխիվ

ՀՀ ԱԳՆ խոսնակը հակադարձում է՝ «Ապրիլի 28-ին Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման բովանդակությունն արտացոլված է Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարությունների կողմից հրապարակված հաղորդագրություններում»:

«Մոսկովյան հանդիպումից հետո ինձ մոտ այնպիսի տպավորություն է ստեղծվել, որ տարածքներից հայկական զորքերը դուրս հանելու դիմաց խաղաղության հաստատումը հնարավոր է, այլ կերպ ասած, տարածքներ՝ խաղության դիմաց տրամաբանությամբ»: Այսօր նման հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավար Էլմար Մամեդյարովը՝ հավելելով, թե հնարավոր է համարում երկու [Հայաստանի և Ադրբեջանի] երկրների արտգործնախարարների նոր հանդիպումը։

Մամեդյարովը նաև ասել է, թե վերջին 12 տարիներին բանակցությունների տրամաբանությունը հենց դա է, ընդգծելով՝ չեն լինում բանակցություններ միայն բանակցություների համար։ «Բոլորին պարզ է, որ Հայաստանը պետք է դուրս հանի իր զորքերն Ադրբեջանի տարածքներից», - ասել է նա: Հայաստանի ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը, մինչդեռ, նշում է․

«Ապրիլի 28-ին Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման բովանդակությունն արտացոլված է Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարությունների կողմից հրապարակված հաղորդագրություններում: Իմիջիայլոց, նախատեսվում էր, որ համանման բովանդակության հաղորդագրություն պետք է հրապարակի նաև Ադրբեջանի արտգործնախարարությունը, ինչը տեղի չունեցավ, և դրա տրամաբանական շարունակությունն էր, որ ադրբեջանական կողմը հանդես է գալիս այլևայլ մեկնաբանություններով»:

Մոսկվայում ապրիլի 28-ին Ռուսաստանի, Հայաստանի և Արդբեջանի արտաքին գերատեսչություների ղեկավարների հանդիպումը տեղի էր ունեցել ռուսական կողմի նախաձեռնությամբ։ Այդ հանդիպումից հետո տարածված հաղորդագրությունում, մասնավորապես, նշվում էր Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում 2016-ի մայիսին և հունիսին կայացած գագաթնաժողովներին ձեռք բերված համաձայնությունների իրականացման անհրաժեշտության մասին: Կողմերն այդ գագաթնաժողովների ժամանակ համաձայնել էին սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմներ ներդնել և ընդլայնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակը:

Նշենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հերթական տարածաշրջանային այցը պետք է կատարեն առաջիկա հունիսին կամ հուլիսին: Այդ մասին ավելի վաղ հայտարարել է Մինկսի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը, ընդգծելով՝ «Կողմերը պետք է ոչ միայն վերահաստատեն իրենց հավատարմությունը հրադադարի պահպանմանը, այլև նշեն՝ ինչպես են իրենք կյանքի կոչելու վստահության ամրապնդման խիստ անհրաժեշտ միջոցառումները, որոնց շուրջ համաձայնություն էր ձեռք բերվել անցած տարի Վիեննայում, ապա՝ Սանկտ Պետերբուրգում:

Երբ հասնենք այդ բանակցություններին, մենք կարող ենք արդեն գործնական հարցերի շատ ավելի ընդարձակ ցանկ դնել սեղանին, որոնք կսկսեն օգուտներ բերել երկու կողմին էլ: Սրանք ներառում են տնտեսական ու առևտրային նախաձեռնություններ՝ տարածաշրջանային էներգետիկ ու տրանսպորտային կապերը զարգացնելու ու վերականգնելու, զբոսաշրջությունն ու ժողովուրդների միջև շփումները խթանելու ուղղությամբ»: