Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կիրակի օրը Պեկինում, մինչ սպասում էր Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ հանդիպմանը, մոտեցել է այդ սրահում դրված դաշնամուրին և մի քիչ նվագել: Նա խորհրդային ժամանակաշրջանի երգերից ակորդներ է նվագել, երգեր՝ նվիրված Մոսկվային և Լենինգրադին (Սանկտ Պետերբուրգ):
Պուտինը Չինաստանում մասնակցում է «Մետաքսի ճանապարհ» միջազգային մեծ համաժողովին: Այս համաժողովին մասնակցում են 29 երկրների ղեկավարներ, միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ ՄԱԿ-ի, Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավարներ, իսկ պետությունների, կազմակերպությունների ներկայացուցիչների, գործարարների թիվը հասնում է մի քանի հարյուրի: Համաժողովի նպատակը Արևմուտք-Արևելք տնտեսական կապերի, էներգետիկայի, տրանսպորտի, առևտրի ոլորտների զարգացումն է:
Չինաստանի նախագահը իր խոսքում ընդհանուր բարգավաճման համար համակարգված ջանքերի կոչ է արել:
Համաժողովի շրջանակում տեղի են ունենում երկկողմ բազմաթիվ հանդիպումներ, ստորագրվում են համաձայնագրեր, պայմանագրեր: Մասնավորապես, Պեկինում Չինաստանը և Վրաստանը ազատ առևտրի համաձայնագիր են ստորագրել․ չինական կողմից փաստաթուղթը ստորագրել է առևտրի նախարարը, իսկ վրացական կողմից՝ էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարը:
Երկօրյա համաժողովում տասնյակ ելույթներ են հնչել: Ռուսաստանի նախագահը իր ելույթում մասնավորապես ասել է, թե այդ նախաձեռնությունը, եվրասիական ինտեգրումը մոտ է Եվրասիական տնտեսական միության հայացքներին, և ողջունել է, կարևոր է համարել Չինաստանում անցկացվող համաժողովին Ղազախստանի, Ղրղըզստանի և Բելառուսի առաջնորդների մասնակցությունը:
Չինաստանի նախագահը հյուրերին պաշտոնական ընդունելության է հրավիրել, նրանք նաև ազգային բալետ են դիտել: