«Մեկնաբանություները մեր, բացի մարդկայինից, որ ուզում ենք, որպեսզի դուստրը արագ ապաքինվի, տարակուսում ենք, որ մայրը իր երեխային՝ անկախ տարիքից, այնուհանդերձ, ներգրավում է նման քաղաքական գործունեության մեջ: Ես ավանդական հայացքներ ունեմ այդ տեսակետից, չեմ ասում՝ ճիշտ եմ, թե սխալ եմ, կարծում եմ՝ այնուհանդերձ, շատ ծնողներ ինձ նման են մտածում», - հայտարարեց Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ «Կիրակնօրյա լրատվական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ խոսելով կիրակի օրը «Երկիր Ծիրանի» կուսակցության առաջնորդ, քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանի հետ տեղի ունեցածի վերաբերյալ:
«Բայց, ես էլ եմ Ազգային ժողովի պատգամավոր արդեն, հիմա թույլ կտա՞ք ես մտնեմ ձեր հաշվապահության դարակները, նայեմ՝ ինչ թղթեր կա, մի մտացածին պատրվակով, ասելով, ենթադրենք, որ դուք ստանում եք ապօրինի ֆինանսավորում կամ, չգիտեմ, ունեք ինչ-որ թաքուն ինստրուկցիաներ, որոնցով ուղղորդում եք ձեր լրագրողներին իրենց լրատվական գործունեության մեջ: Կարո՞ղ եմ մտնել հիմա դա նայել՝ որպես Ազգային ժողովի պատգամավոր, դիտարկում եմ ձեր լրատվամիջոցը որպես հանրային տարածք, ես ուզում եմ բոլոր դարակները նայեմ՝ տեսնեմ ինչ կա: Իհարկե, ես ինձ նման բան թույլ չեմ տա, սա օրինակ էր ընդամենը այն բանի․․․», - շարունակեց Աշոտյանը:
«Ազատություն»․ - Մեծ հաճույքով կտրամադրենք Ձեզ այդ դարակները:
Աշոտյան․ - Ես ոչ ֆինանսական ստուգող եմ․․․ Եթե խնդիր ունենամ, կվկայակոչեմ, կդիմեմ իրավապահ մարմիններին, և չեմ դիտարկում ձեր ռադիոկայանի տարածքը որպես հանրային տարածք, թեպետ դուք ԶԼՄ եք, սպասարկում եք հանրությանը: Մենք էլ քաղաքական կուսակցություն ենք, մեր շտաբերի տարածքները սպասարկում են հասարակությանը, բայց, այնուհանդերձ, այդ տարածքը պատրաստ էր ընդունել Զարուհի Փոստանջյանին որպես հյուր, բայց նման մեղադրանքներով գալու պարագայում, նման կեցվածքի պարագայում, համաձայնեք, որ անգամ տարրական հայկական ընկալումը այդ երևույթի տրամաբանական է, որ ընդունելի չէ: Եվ մեզ համար հատկապես իրավական պետություն կառուցելու ցանկություն ունեցող ընդդիմության կողմից նման գործելաոճը անհասկանալի էր և դիտարկում ենք միայն մեկ հարթության մեջ՝ քանի որ ակնհայտ էր, որ քաղաքական տեսակետից հաջողություններ այդ կուսակցությունը չի կարող գրանցել, ապա պետք էր ստանալ մի սկանդալ, ստանալ մի արտառոց դեպք, որի վրա սևեռել հանրության ուշադրությունը և փորձել այդ դեպքով ստվերել ընտրությունների ընթացքը:
Հիշեցնենք՝ Երևանի ավագանու ընտրությունների օրը Փոստանջյանը ընտրակաշառքի ցուցակների առկայության մասին ահազանգի հետքերով դստեր հետ մեկնել էր իշխող Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Ավանի շտաբ: Նրանք պահանջում էին բացել գրասեղաններից մեկի դարակները, ինչը շտաբի աշխատակիցները թույլ չէին տալիս: Դեպքի վայր եկած մի քանի տասնյակ ոստիկանները ուժի գործադրմամբ, հրելով, քարշ տալով շտաբից դուրս բերեցին թեկնածուին և նրա դստերը: Փոստանջյանի ինքնազգացողությունը վատացավ, երբ ոստիկանները փորձեցին նրան նստեցնել ոստիկանության մեքենան, իսկ նրա դստերը բերման ենթարկեցին, սակայն կարճ ժամանակ անց ազատ արձակեցին: Միջադեպից հետո Փոստանջյանի դստեր մոտ ախտորոշվեց ուղեղի ցնցում:
Հարցազրույցը ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․