«Ելքի» վստահված անձը պնդում է, որ մի խումբ անհայտ անձինք իրեն ծեծի են ենթարկել

«Ելք» դաշինքի վստահված անձ Նարեկ Սարգսյանը «Ազատության» հետ զրույցում պնդեց, որ Ավան վարչական շրջանում գտնվող 01/23 տեղամասի դիմաց մի խումբ անհայտ անձինք իրեն ծեծի են ենթարկել:

Սարգսյանը պատմեց, որ ընտրատեղամասում քվեարկության ընթացքում քաղաքական թեմայով վիճաբանություն է ունեցել ՀՀԿ-ի վստահված անձի հետ, որն էլ սպառնացել է ընտրությունների ավարտից հետո հաշվեհարդար տեսնել իր հետ:

Նրա խոսքով, ձայների հաշվարկից հետո, երբ, ստորագրելով արձանագրությունը, դուրս է եկել ընտրատեղամասից, շուրջ 10 հոգի հարձակվել են իր վրա և ծեծի ենթարկել: Սարգսյանի խոսքով, երբ փորձել է պաշտպանվել՝ աղմուկ է բարձրացել և հարձակվողները դիմել են փախուստի:

Այս պահին Նարեկ Սարգսյանը գտնվում է Նորքի ոստիկանությունում: