«Անկախ դիտորդ» նախաձեռնության խոսնակ Դանիել Իոաննիսյանի պնդմամբ՝ այս երևույթն անակնկալ էր անգամ փորձառու դիտորդների համար:
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 7/57 ընտրատեղամասում ԳԵՏԱ կազմակերպությունը ներկայացնող Սամվել Խանյան անունով դիտորդը Իոաննիսյանին ու տեսախցիկը տեսնելուն պես լքել էր ընտրատեղամասը՝ ասելով, թե կորցրել է անձնագիրն ու դիտորդի վկայականը:
«Ազատությանը» Խանյանն ասաց, թե ոստիկանությանը «կուրսի է պահել», որ գողացել են իր փաստաթղթերը:
Ոստիկանները, սակայն, ասացին, որ նա իրենց նման հարցով չի դիմել:
Ընտրատեղամասային հանձնաժողովի նախագահը և քարտուղարը պնդում էին, որ թեպետ կասկածներ ունեցել են, սակայն ներկայացված վկայականի կնիքը իրական է եղել, և իրենք ստիպված են եղել քաղաքացուն ընդունել ընտրատեղամասում:
Իսկ դիտորդներից մեկն ասաց, որ Խանյանը մի քանի անգամ եկել-գնացել է և ամբողջ ընթացքում փորձել է մանրամասներ ճշտել ընտրողների քանակի, հոսքի վերաբերյալ՝ առանց որևէ փաստաթղթի: Երբ նրան ներս չեն թողել, ներկայացել է արդեն դիտորդի վկայականով:
Նկատենք, որ Խանյանը սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակ նույն տեղամասում ՀՀԿ-ն էր ներկայացնում՝ ընտրական հանձնաժողովի նախագահն էր:
Դանիել Իոաննիսյանը «Ազատության» հետ զրույցում պնդեց, որ իրենց դիտորդները բազմաթիվ ահազանգեր են ստացել կեղծ դիտորդների մասին:
Նման պատմության ականատես եղանք նաև 7/19 ու 7/20 ընտրատեղամասերում, որոնցից մեկում նույն ԳԵՏԱ կազմակերպության երկու դիտորդ կար՝ Վահագն Մկրտչյանն ու Գևորգ Խաչատրյանը, մյուսում՝ «Կրթություն և մշակույթ» կազմակերպության անունից հանդես եկող դիտորդ Աննա Ստեփանյանը:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովում գրանցված դիտորդների ցուցակում Իոաննիսյանը չի գտել նրանց անունները:
Աննա Ստեփանյանը պնդում էր, թե իր վկայականը կեղծ չէ՝ խուսափելով, սակայն, բացատրել, թե ինչպես է, որ իր անունը չկա ԿԸՀ-ում։
Ստեփանյանը ընտրատեղամասից դուրս հրավիրվեց միայն այն ժամանակ, երբ Դանիել Իոաննիսյանը զանգահարեց ընտրատարածքային հանձնաժողովի նախագահին և ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին:
Ընտրությունների արդյունքների գնահատմամբ «Անկախ դիտորդ» նախաձեռնությունը հանդես կգա վաղը: