Դիտորդ Գասպարին, ի նշան բողոքի, դադարեցրել է աշխատանքը

Երևանի ավագանու ընտրություններին որպես դիտորդ հետևող Վարդգես Գասպարին այսօր կեսօրից հետո դադարեցրեց իր աշխատանքը Կենտրոն վարչական շրջանի դպրոցներից մեկում տեղակայված 9/22 և 9/23 ընտրատեղամասերում և ի նշան բողոքի պառկեց ընտրատեղասի առջև։

Գասպարին պնդում է, թե Հանրապետականի վստահված ինձն իրեն հարվածել է․ - «Քիչ առաջ արդեն հարվածեցին մեջքիս: Ընդ որում՝ նույն անձնավորությունը, որը հայտնի է ինձ, Արթուր Կուղյանոսյանը: Տարոն Մարգարյանի վստահված անձը, ես իրան գիտեմ տարբեր խուլիգանական արարքներից»:

Հաղորդում հանցագործության մասին, սակայն, իր քաղաքական ակցիաներով հայտնի Գասպարին նախընտրեց չներկայացնել․ - «Երբ ձեր ոստիկանապետ Վովա Գասպարյանը անձամբ ինձ սպառնալիք է տվել, որ ինձ կոչնչացնի, կգլխատի և ընտանիքիս կվնասի, ես այլևս ձեզ ասելու բան չունեմ»:

Մինչև բողոքի այս տարբերակն ընտրելը, դեռ տեղամասի ներսում աշխատող Գասպարին ահազանգել էր խնդիրների մասին, որոնց հետքերով գնացել էր նաև «Ազատությունը»։ 9/23 ընտրատեղասում, ըստ Գասպարիի, նախ իր տեսախցիկին հարվածել է իրեն անհայտ մի կազմակերպության դիտորդ:

«Գողական արտաքինով տեսք ուներ», - պատմեց նա: - «Երբ ես նկարում էի, ինքը խոչընդոտեց, հետո գոռգոռալով, գողական վարքերով՝ դե ինձ մի նկարի․․․ Հետո ես նկարում էի, ինքը մոտեցավ, հարվածեց ու փախավ»:

Ընտրատեղասից հեռացած դիտորդին մենք հանդիպեցինք դպրոցի առջև, նա տեսախցիկը տեսնելուն պես փողոցն անցավ և թաքնվեց։

Ընտրատեղամասային հանձնաժողովի նախագահ Արաքսյա Բաբաջանյանը պնդեց, թե ո՛չ ինքը, ո՛չ հանձնաժողովի որևէ անդամ չեն տեսել, թե ինչպես է մյուս դիտորդը հարվածել Գասպարիին․ - «Արձանագրել ենք գրանցամատյանում, որ իր դիտորդական աշխատանքը խաթարվել ա մեկ ուրիշ դիտորդի կողմից: Մենք նման բան չենք նկատել, հանձնաժողովի բոլոր անդամները գրանցամատյանում գրել են, ստորագրել են, որ նման բան չեն նկատել: Բայց մենք դիտորդի ասածը գրանցել ենք: Ուրիշ խնդիրներ չեն եղել»:

Գասպարին, մինչդեռ, պնդեց, որ իր տեսախցիկին հարվածել է նաև ընտրատեղասի տեխնիկական աշխատակիցը։

«Ելք» դաշինքի վստահված անձը այս միջադեպը կարողացել էր տեսանկարահանել։ Բացի այդ, նույն վստահված անձը, ի տարբերություն հանձնաժողովի նախագահի և մյուս անդամների, նկատել է, թե ինչպես է ներկայանալ չցանկացած դիտորդը հարվածել Գասպարիի տեսախցիկին․ - «Ես հեռվից նկատել եմ, որ կոնկրետ էս հատվածում դիտորդը հարվածեց դիտորդ Վարդգես Գասպարիի տեսախցիկին, դրանից հետո հեռացավ ընտրատեղամասից․․․ Տեխնիկական աշխատողը չէր ցանկանում իրան տեսանկարահանեն, ուրիշ ոչ մի բան, խոչընդոտել էր նկարահատել»:

Չնայած առկա տեսագրությանը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից նշանակված տեխնիկական աշխատակիցը հերքեց, թե հարվածել է Գասպարիի խցիկին․ - «Ուղղակի ասել եմ՝ մի նկարահանեք ինձ, որովհետև․․․ շատ մոտիկից էր նկարում»:

Այսօր ավելի վաղ Գասպարին աշխատել է նաև նույն դպրոցում տեղակայված թիվ 9/23 ընտրատեղամասում, որի հանձնաժողովի նախագահն ու տեխնիկական մասնագետը «Ազատության» նկարահանող խմբի ներկայությամբ խիստ վիրավորական բառեր հնչեցրեցին նրա հասցեին։

Տեսախցիկը միացնելուց հետո արդեն մեղմ բառապաշարով պնդեցին, թե Գասպարին ահանզանգ հնչեցնելով շանտաժ է արել։

«Դա դիտարկում եմ որպես շանտաժ․․․ Ես գտնում եմ, որ [քվեարկությունը] ընթանում է օրենքի սահմաններում, [օրենքի] ամեն մի տառին համապատասխան», - ասաց տեխնիկական մասնագետ Գոհար Օսիպյանը: