Երևանի Արաբկիր վարչական շրջանի 4/35 տեղամասում «Ելք» դաշինքի վստահված անձ Սոֆյա Հովսեփյանն արձանագրել է, որ մի քանի քաղաքացիներ, ովքեր որպես դիտորդներ են ներկայացել տեղամաս, ուղղորդում են մարդկանց, օգնում քվեարկել:
Երբ Հովսեփյանը միջամտել է, կոշտ վիճաբանություն է ծագել:
«Էդ տատիկին են ուղեկցում, հիմա, տեսեք, այս մարդուն է ուղեկցում: Նաև այդ տղան ամբողջ ընթացքում կանգնած նայում է: էստեղ ինձ հետ է իր խնդիրը, որ ես պահանջում եմ էդտեղ չկանգնել: Եվ էստեղից հրահանգներ է տալիս, թե ով ինչ անի», - «Ազատությանը» պատմեց Սոֆյան:
«Ազատության»՝ ներկայանալու խնդրանքին նրա նշած անձն արձագաքեց․ - «Դժվարանում եմ ձեր հարցերին պատասխանել»:
Վստահված անձի խոսքով՝ երբ ինքը փորձել է կանխել այդ խախտումները, իրեն խոչընդոտել է նաև «Երկիր Ծիրանի» կուսակցության վստահված անձը․ - «Որը վստահ չի աշխատում «Երկիր Ծիրանիի» օգտին, այլ աշխատում է բացառապես Հանրապետական կուսակցության օգտին»:
Սոֆյա Հովսեփյանի ահազանգից հետո տեղամաս ժամանեց «Երկիր Ծիրանի» կուսակցության քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը՝ հեռացնելով վստահված անձին այդ տեղամասից:
Թեկնածուն նույնպես տեղամասում նկատեց մարդկանց, ովքեր ուղղորդում էին քաղաքացիներին, օգնում նրանց քվեարկել:
Ընտրատեղամասի տարածքում Փոստանջյանը նկատեց նաև քաղաքացիների, ովքեր արդեն քվեարկել էին, և նրանց հորդորեց լքել տեղամասի տարածքը։
«Ելք» դաշինքի վստահված անձը բարձրաձայնեց նաև տարբեր գույների գրիչներով քվերակելու փաստը՝ ասելով, որ այդ նույն ուղղորդող մարդիկ էին գրիչները փոխանցում քաղաքացիներին։