«Ելք» դաշինքը Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները կընդունի ի գիտություն, եթե օրվա ընթացքում արտառոց զարգացումներ տեղի չունենան:
«Եթե քվեաթերթիկների գողություններ չկան, եթե տեղամասերում բռնություններ չկան, եթե մարդը գնում իր ննջարանում կամ բաղնիքում ստացել է ինչ-որ բան և որոշել է քվեարկել՝ ինքը իր ընտրությունը: Եթե այդպես է՝ ես չեմ ուզում խոչընդոտ հանդիսանամ, որպեսզի Սերժ Սարգսյանի և ընտրակաշառք վերցնող քաղաքացու իդիլիան որևէ ձևով խախտեմ», - այսօր առավոտյան քվեարկելուց հետո հայտարարեց «Ելք»-ի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը: - «Բայց մյուս կողմից՝ մենք պայքարելու ենք, որպեսզի էդ քաղաքացուն բերենք բոլորովին այլ գաղափարական դաշտ, փորձենք նրան համոզել, նաև փորձել նրա հոգսը հասկանալ, ոչ միայն նրան ուղղակի դատափետել», - հավելեց նա:
Թեկնածուն նշեց, որ եթե քվեարկության պատկերը նման լինի խորհրդարանական ընտրություններին, այդ դեպքում չի փոխվի նաև «Ելք» դաշինքի դիրքորոշումը․ - «Տեսնենք։ Ես չեմ շտապում հիմա որևէ հետևություն անել: Ընտրությունների արդյունքները կտեսնենք, ընդհանուր պատկերը կամփոփենք և կանենք մեր արձանագրումը»:
Այնուամենայնիվ, Փաշինյանի խոսքով, ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրության և մայիսի 14-ի միջև տարբերություն արդեն կա, ոչ միայն ընտրակաշառքի մասին ահազանգերն են համատարած, այլև «Ելք» դաշինքը վերջին օրերին հստակ ապացույցներ է ձեռք բերել․ - «Խորհրդարանական ընտրություններում նույնպես մենք գիտեինք՝ զանգում էին, ասում էին և այլն: Բայց ում խնդրում էինք, ասում էինք՝ գոնե եկեք 10 վայրկյան գլխով արեք տեսախցիկի առաջ՝ [չէին համաձայնում]: Այժմ մենք ունենք փաստեր, փաստաթղթեր, տեսագրություն: Այսինքն՝ ապացուցողական բազան է այս անգամ ավելի շատ: Մենք ոչ միայն ընտրակաշառքի ապացույց ունենք՝ մենք ունենք ապացույց, որ ոստիկանությունը Վլադիմիր Գասպարյանի գլխավորությամբ և, բնականաբար, Սերժ Սարգսյանի հրահանգով մասնակցում է ընտրակաշառքի այդ պրոցեսին»:
Հանրապետական կուսակցությունը առանց ընտրակաշառքի որևէ շանս չի կարող ունենալ ո՛չ այս, ո՛չ որևէ այլ ընտրության ժամանակ, ասում է Փաշինյանը, պնդելով, որ ապրիլի 2-ը ապացուցեց, որ իշխող կուսակցությունը ընտրակաշառքի միջոցով կարողանում է մարդկանց ուղղորդել քվեարկության։ Այնուամենայնիվ, «Ելք»-ի մոտեցումը նույնն է. Կպաշտպանեն քվեարկության ժամանակ իրենց տրված ցանկացած ձայն։
Քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը ընտրությանը մասնակցելուց հետո նշեց, որ քվեարկել է հանուն համատարած հուսահատության հաղթահարման։
«Երևանը, եթե հաղթահարեց հուսահատությունը, Հայաստանը ինքնին կհաղթահարի», - վստահեցրեց թեկնածուն: