Թիվ 8/16 ընտրատեղամասում քվեարկեց Երևանի ավագանու ընտրություններում «Ելք» դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը:
Լրագրողների հարցին, թե ինչպես է անցնում քվեարկությունը, Փաշինյանը պատասխանեց․ - «Ինչ-որ ահազանգեր կան, ընդհանուր առմամբ էն, ինչ որ նախկին երեք օրերին բացահայտել ենք, էդ շրջանակներում է: Գիտեք, որ ընտրակաշառքի համատարած բաժանման խնդիր ունենք, և դա արդեն կայացած և ապացուցված փաստ է»:
«Էստեղ գնահատականների առումով հետևյալը կա, որ ընտրակաշառքի պրոցեսին մասնակցում են նաև քաղաքացիները, և մենք հույս ունենք, որ քաղաքացիները կհաղթահարեն էդ ընտրակաշառքային հուսահատությունը», - ասաց «Ելք» դաշինքի քաղաքապետի թեկնածուն:
Ընտրություններից իրենց ակնկալիքների վերաբերյալ Փաշինյանը հայտարարեց․ - «Մեր ակնկալիքն էն է, որ մենք հաղթենք ընտրություններում, և ինձ համար ակնհայտ է, որ առանց ընտրակաշառքի Հանրապետական կուսակցությունը որևէ շանս չի կարող ունենալ ոչ միայն այս, այլ որևէ ընտրություններում: Բայց, այնուամենայնիվ, խորհրդարանական ընտրությունների ընթացքը ցույց տվեց, որ ընտրակաշառքով կարողանում են մարդկանց ուղղորդել դեպի իրենց քվեարկելու»:
Ընդունելո՞ւ են արդյոք ընտրությունների արդյունքները՝ այս առնչությամբ նա ասաց․ - «Գիտե՞ք, էդ տերմինոլոգիան մի քիչ շատ պետք է հասկանալ, թե ինչ նկատի ունենք՝ ընտրությունների արդյունքները ընդունել: Տեսեք, հիմա մենք մտանք տեղամաս, տեղամասերի մեծամասնությունում մոտավորապես, եթե էս մթնոլորտը շարունակվի, քվեատուփերը բացելու ենք, տեսնենք և արդյունքները արձանագրենք, և ինչ արդյունք եղավ՝ արձանագրելու ենք, ի գիտություն ենք ընդունելու: Որովհետև եթե լցոնումներ չկան, եթե քվեաթերթիկների գողություններ չկան, եթե տեղամասերում և այլն բռնություններ չկան, եթե մարդը գնում է, ասենք, մոտակա մի ինչ-որ, իր ննջարանում կամ բաղնիքում ստացել է ինչ-որ բան և որոշում է գնալ քվեարկել, եթե այդպես է, ես չեմ ուզում խոչընդոտ հանդիսանալ, որպեսզի Սերժ Սարգսյանի և ընտրակաշառք վերցնող քաղաքացու իդիլիան որևէ ձևով խախտեմ: Բայց, մյուս կողմից, մենք պայքարելու ենք, որպեսզի էդ քաղաքացուն բերենք բոլորովին այլ գաղափարական դաշտ, փորձենք նրան համոզել, նաև փորձել նրա հոգսը հասկանալ, ոչ միայն նրան ուղղակի դատափետել, դատապարտել, այլ հասկանալ, փորձել ավելի լավ հասկանալ նրան և փորձել ավելի լավ հասկանալի լինել նրան»:
«Ինչ ձայն մեզ տրվել է՝ մենք մեզ տրված որևէ ձայն չենք թողնելու, որ էդ ձայնը ուղղակի գնա կորի: Այսինքն՝ էդպիսի սցենար մեզ համար չկա, որ մենք մանդատները չվերցնենք ավագանիում՝ նկատի ունեմ ավագանու մեր թեկնածուները, նկատի ունեմ՝ եթե արտառոց, արտառոց՝ հայաստանյան, կամ վերջին ընտրությունների ֆոնին, արտառոց որևէ բան տեղի չունենա», - հայտարարեց Փաշինյանը: