Վարչական դատարանը «չհասցրեց» քննել «Ելք» դաշինքի հայցը

«Ելք» դաշինքի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը ԿԸՀ-ում,արխիվ

Վարչական դատարանը կարճել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) մայիսի 12-ի որոշումը անվավեր համարելու և Երևանի ավագանու մայիսի 14-ի ընտրություններում Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) ցուցակի գրանցման ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ «Ելք» դաշինքի հայցի քննությունը՝ ժամկետը սպառվելու պատճառաբանությամբ. դատարանը շաբաթ օրը միայն ժամը 23:35 էր վարույթ ընդունել դիմումը։

Ավելի վաղ Վարչական դատարանը վերադարձրել էր ժամը 17:55 մուտքագրված հայցը, որպես հիմք նշելով, որ լիազոր ներկայացուցիչը չի կցել լիազորությունները հաստատող փաստաթուղթը: Դատարանը պահանջել էր, որպեսզի լիազորագիրը ստորագրված լինի դաշինքի մաս կազմող երեք կուսակցությունների գործադիր մարմինների կողմից:

«Ելք» դաշինքի լիազոր ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանի պնդմամբ, մինչդեռ, այդ պահանջը պատրվակ էր` դիմումի քննությունը ձգձգելու համար: Զեյնալյանը «Ազատության» հետ զրույցում հայտարարեց, որ Վարչական դատարանի նման որոշումը հակասում է ինչպես Վարչական դատավարության, այնպես էլ Քաղաքացիական և Ընտրական օրենսգրքերի իրավակարգավորումներին: «Վարչական դատարանի նման գործելակերպը նպատակ է հետապնդում զրկել մեզ դատարանի մատչելիության իրավունքից և մեր ընտրական իրավունքները պաշտպանելու իրավունքից», - ասաց նա, հավելելով, որ հետագայում մտադիր են նաև Ազգային ժողովում նախաձեռնել հետաքննություն՝ պարզելու Հայաստանի Հանրապետությունում դատական մատչելիության ապահովության հարցը:

«Ելք»-ի անդամ Էդմոն Մարուքյանն էլ «Ազատության» հետ զրույցում հիշեցրեց, որ խորհրդարանական ընտրությունների շրջանակում գործի քննության ժամանակ դաշինքի կողմից տրված լիազորագիրը Վարչական դատարանը բավարար էր համարել, և նույնպես համոզմունք հայտնեց, որ դատարանի ներկայացրած պահանջի իրական նպատակը գործը ձգձգելը և այն չքննելն էր:

Ուրբաթ օրը, հիշեցնենք, ԿԸՀ-ն մերժեց «Ելք»-ի դիմումը, որով դաշինքը հանձնաժողովից պահանջում էր դատարան դիմել Երևանի ավագանու ընտրություններին Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) գրանցումը ուժը կորցրած ճանաչելու հայցով։