Սարգիս Մուրադյանի անհատական ցուցահանդեսը՝ նկարչի անվան պատկերասրահում

Մեր անվանի գեղանկարիչներից Սարգիս Մուրադյանի անվան պատկերասրահը երեք տարի առաջ բացվեց մայրաքաղաքի կենտրոնում՝ Գեղարվեստի ակադեմիայի մոտ, նրա դստեր՝ գեղանկարչուհի Զարուհի Մուրադյանի անմիջական նախաձեռնությամբ և միջոցներով: Պատերասրահն անմիջապես վերածվեց շատ աշխույժ մշակութային կենտրոնի, որտեղ բացվում են ամենատարբեր ցուցահանդեսներ:

Բայց ահա օրերս բացվեց հենց իր՝ Սարգիս Մուրադյանի անհատական ցուցահանդեսը՝ նվիրված նրա ծննդյան 90-ամյա հոբելյանին: Ինչպես «Ազատության» հետ զրույցում նշեց պատկերասրահի տնօրեն Զարուհի Մուրադյանը, այս տարի լրանում է նաև գեղանկարչի մահվան 10 տարին, և «Սարգիս Մուրադյանի անունը կրող պատկերասրահը չէր կարող անմասն մնալ, մենք պետք է ներկայացնեինք իր արվեստը, բայց որոշեցինք հետաքրքիր լույսի ներքո անենք և ցուցադրենք այն աշխատանքները, որոնք երբեք չեն ցուցադրվել»:

«Մասնավորապես՝ Լիլիթ Սարգսյանի հետ արվեստաբան, ով ուսումնասիրել է Մուրադյանի արվեստը, որոշեցինք իր դիպլոմի էսքիզը դնենք, որը երբեք չի ցուցադրվել՝ Ավարայրի ճակատամարտը», - ասաց Զարուհի Մուրադյանը՝ պարզաբանելով, թե ինչու այդ աշխատանքը նախկինում չէր ցուցադրվել․ - «Դիպլոմային աշխատանքը պիտի արվեր 1951 թվականին, երբ որ դեռ Ստալինի ժամանակներն էին, ազգայնական թեմաները բացարձակապես արգելված էին»: «Այդ թեման, նման կոմպոզիցիոն թեմա հետագայում ինքը օգտագործեց «Սարդարապատի ճակատամարտ» եռանկարում՝ մեծ եռապատկերում, որը հիմա Սարդարապատի թանգարանում ցուցադրվում է», - հավելեց պատկերասրահի տնօրենը:

Ի դեպ, ցուցահանդեսը ներկայացված է «Մուրադյանի լույսն ու ստվերը» խորագրի ներքո: Առաջին դահլիճում ներկայացված են Սարգիս Մուրադյանի երիտասարդական տարիների պայծառ լավատեսությամբ ու լույսով ողողված գեղանկարները, իսկ մյուս դահլիճում՝ կյանքի վերջին տասնամյակում ստեղծված, երբեմն նույնիսկ անավարտ նկարները, որոնք երբեք չեն ցուցադրվել: «Մասնավորապես, Սումգայիթի ջարդերին նվիրված աշխատանքը, ըստ երևույթին, հոգեբանորե՛ն չի կարողացել [ցուցադրել], որովհետև ինքը նույնիսկ հիվանդացավ էդ օրերին ծանր՝ էնքան ծանր էր տանում այդ ամենը: Դրանից բացի, ցուցադրվել է իր վերջին կոմպոզիցիոն պատկերը», - ասաց նկարչի դուստրը:

«Ցուցահանդեսը դեռ կգործի մի քսան օր: Բացի այդ, այս ցուցահանդեսի օրերին լինելու է Թանգարանային գիշերը, երբ մենք շատ-շատ այցելուներ ենք ունենում արդեն երրորդ տարին է, և այդ օրը մենք համերգ էլ ենք ունենալու՝ ժամը 8-ին․ անցյալ տարի երկու համերգ ենք արել, և մեր պատկերասրահը լեփ-լեցուն էր, ինչը շատ ուրախալի է: Սարգիս Մուրադյան պատկերասրահը գտնվում է Երևանի կենտրոնում՝ Իսահակյան փողոցի վրա, պատկերասրահների շրջապատում, այսինքն՝ այս կտորը ինքնըստինքյան կամաց-կամաց դարձավ ոնց որ թանգարանային փոքրիկ շրջան՝ մեր կողքն է Գեղարվեստի ակադեմիան՝ իր պատկերասրահով, մեր կողքն է Ռուսական արվեստի թանգարանը, հետո՝ «Գաֆէսճեան»-ը, Քոչարի թանգարանը, այնպես որ՝ այս փոքրիկ կտորը մշակութային, հոգևոր սննդի լավ աղբյուր է», - ասաց Զարուհի Մուրադյանը:

«Ազատության» հարցին՝ «այս տարիների ընթացքում մարդիկ կապվա՞ծ են արվեստին», Սարգիս Մուրադյանի անվան պատկերասրահի տնօրենը արձագանքեց․ - «Իհարկե, դա տոկոսային հարաբերությամբ մեծ մասը չի, բայց կան մարդիկ, որոնք մշտական, ա՛յ, հենց նոր դուրս եկան մարդիկ, որոնք ասացին, որ բոլոր ցուցահանդեսներին գալիս են․․․»:

«Այնուամենայնիվ, հանրության մեծ մասը անտարբեր է արվեստի հանդեպ: Ի վերջո, ի՞նչ է պետք այսօր մեր հասարակությանը արվեստին, արվեստի կենտրոններին ավելի մերձեցնելու համար, Ձեր կարծիքով», - այս հարցին էլ Զարուհի Մուրադյանը պատասխանեց․ - «Ասե՞մ ինչ: Մենք անում ենք բացումներ, օրինակ, ցուցահանդեսի բացում, ուղարկում ենք մոտավորապես 40-50 լրատվամիջոցների մեր տեղեկությունը, մեր հեուստատեսությունը բացարձակ անտարբեր է դրա հանդեպ՝ պիտի ծանոթ գտնես, պիտի ծանոթին զանգես, խնդրես, որ գան մեկրոպեանոց լուրով լուսաբանեն: Իսկ, մասնավորապես, Beeline, VivaCell` երբ միացնում ես լուրերը, նայում ես, որ նոր խանութ է բացվել, նոր բանկ է բացվել: Ես հասկանում եմ, որ դա վճարվում է, բայց էդ աստիճանի չի կարելի իրապաշտ դառնալ: Եթե դու ունես հարուստ մշակույթով երկիր, ապա պետք է դա լուսաբանես, տեղեկացնես: Հեռուստատեսությունը բացարձակ անտարբեր է այս ամենի հանդեպ»:

Վերջում հավելենք, որ Սարգիս Մուրադյան պատկերասրահը գործում է բոլորովին անվճար: