Փոստանջյան․ Այս ընտրությունները լինելու են մերժման ընտրություններ

Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող «Երկիր Ծիրանի» կուսակցությունն այսօր հանրահավաք անցկացրեց Ազատության հրապարակում:

Ծավալուն ելույթով հանդես եկավ «Երկիր Ծիրանի» կուսակցության առաջնորդ, ԱԺ նախկին պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Մոտ 30 րոպե տևած ելույթի ընթացքում նորաստեղծ կուսակցության ղեկավարը մայրաքաղաքի խնդիրներից բացի խոսեց նաև Հանրապետության ներքին ու արտաքին մարտահրավերներին վերաբերող բազմաթիվ հարցերի մասին:

Ընդդիմադիր գործիչը խոսեց ղարաբաղյան հակամարտության, ինչպես նաև Արևմտյան Հայաստանի հողերի վերադարձի մասին և հայտարարեց, որ իրենց կարգախոսն է՝ «Դեպի Արարատ»:

Ելույթի վերջում անդրադառնալով մայիսի 14-ին կայանալիք ընտրություններին՝ Զարուհի Փոստանջյանն ասաց, որ այս ընտրությունները լինելու են մերժման ընտրություններ՝ քաղաքացիներին կոչ անելով ընտրել «Երկիր Ծիրանի» կուսակցությունը և դրանով մերժել իշխող Հանրապետական կուսակցությանը:

Խոսելով այլ ուժերի հետ հնարավոր համագործակցությունից՝ Զարուհի Փոստանջյանն ասաց, որ «Երկիր Ծիրանի» կուսակցությունը կհամագործակցի միայն այն կուսակցությունների հետ, որոնք կհայտարարեն, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ և կընդունեն, որ այս իշխանությունները հանցագործ են:

Հանրահավաքից հետո երաժշտական կատարումներով հանդես եկավ սիրված երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանը: