Առաջիկա կիրակի օրը կայանալիք Երևանի ավագանու ընտրությունները, ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքի, վերահսկելու են 17 տեղական կազմակերպությունների շուրջ 5 հազար դիտորդներ:
Ապրիլյան խորհրդարանական ընտրությունները շուրջ 3 հազար դիտորդներով վերահսկած «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը ավագանու ընտրություններին կմասնակցի զգալիորեն փոքրաթիվ քանակով: Նախաձեռնության անդամ «Իրավունքի Եվրոպա» միավորումը ավագանու ընտրություններին ներկայացված կլինի 59 դիտորդներով:
Կազմակերպության անդամ Տիգրան Եգորյանն ասում է, որ իրենց հիմանական խնդիրը հանրությանը իրականությունը ներկայացնելն է․ - «Խորհրդարանականի փորձը ցույց տվեց, որ հանրային հսկիչները, առնվազն «Քաղաքացի դիտորդի» և «Անկախ դիտորդի» մասով կարող եմ ասել, իրենց կողմից փաստահավաք առաքելությունը և դիտորդական առաքելությունը իրականացրեցին հնարավորինս բարձր արդյունավետությամբմ, ներկայացրեցին պետական մարմիններին այդ խախտումները, սակայն արդյունավետ քննության և պատասխանատվության ենթարկելու հատվածում պետությունը թերացավ: Բայց այս պրոցեսը պետք է շարունակվի, հակառակ դեպքում որևէ քայլ այդ իրավունքը նվաճելու և այդ իրավունքը պաշտպանելու ուղղությամբ չի իրականացվի»:
Շուրջ 180 դիտորդներով ավագանու ընտրությունները վերահսկելու են «Անկախ դիտորդ» նախաձեռնության ներկայացուցիչները: Հիշելով խորհրդարանական ընտրությունների փորձը՝ Եգորյանը պնդում է, որ մնացյալ դիտորդների գերակշիռ մասը իրականում իշխանություններին է ծառայում․ - «Էս դիտորդները փաստորեն ոչ թե իրականցնում են հանրային շահի սպասարկում, այլ իրականացնում են Սահմանադրությունից չբխող, օրենքով չնախատեսված ինչ-որ խմբային շահերի սպասարկում»:
Շուրջ մեկ ամիս առաջ խորհրդարանական ընտրություններին հետևելու էին եկել 6 միջազգային դիտորդական կազմակերպություններ: Երևանի ավագանու ընտրությունների համար գրանցվել է միայն մեկը՝ «Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը»:
Տիգրան Եգորյանը վստահ է, որ արդյունավետ վերահսկողության համար հույսը պետք է դնել հիմնականում տեղական դիտորդների վրա: Խորհրդարանական ընտրությունների ժամանակ հայտնաբերված խախտումների դեպքերով կազմակերպությունը շուտով պատրաստվում է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան․ - «Հիմա, որքանով որ գնդակը կարելի է համարել պետք է նետվի միջազգային ատյան, այդքանով էլ այդ գնդակը գտնվում է ներպետական մակարդակում, քաղաքական օրակարգի մակարդակում, որը որ քաղաքական կազմակերպությունները պետք է վերցնեն և հետամուտ լինեն այդ իրավունքների հետագա պաշտպանությանը»:
Եգորյանը նշեց նաև, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ու հայաստանյան դատարանները խորհրդարանական ընտրությունների ընթացքում հայտնաբերված խախտումների վերաբերյալ դիտորդների բողոքները հիմնականում մերժել են: