ԿԸՀ նախագահի խոսքով, ՀՀԿ շտաբում ընդամենը քվեաթերթիկի քարոզչական նմուշ է բաժանվել

Հանրապետականի քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանի շտաբում բաժանվել է ոչ թե իրական քվեաթերթիկ, այլ քվեաթերթիկի քարոզչական նմուշ: Այս մասին «Ազատության» հետ զրույցում պարզաբանեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ անդրադառնալով այն պնդումներին, որ երեկ Տարոն Մարգարյանի շտաբներից մեկում քվեաթերթիկ է բաժանվել:

Մուկուչյանի փոխանցմամբ՝ իրական քվեաթերթիկները տարածքային հանձնաժողովներում են, դրանք դեռևս տեղամասային հանձնաժողովներին և ընդհանրապես որևէ մեկին չեն հատկացվել:

«Դրանք որևէ կապ չունեն այն քվեաթերթիկների հետ, որոնք քվեարկության օրը տրամադրվելու են քաղաքացիներին: Դա քարոզչական բնույթ կրող նյութ է, որի վրա առկա է նմուշ ձևակերպումը, տպաքանակ է գրված, և դա ծառայել է որպես քարոզչական բնույթի նյութ, որպեսզի դրանով պարզաբանվի ընտրողների հետ հանդիպումների ժամանակ, թե ինչպես պետք է իրականացվի քվեարկությունը։ Մեզ տրված պարզաբանումը եղել է այդպիսին», - «Ազատության» հետ զրույցում ասաց ԿԸՀ նախագահը։

Հարցին, թե կարելի՞ է վերցնել քվեաթերթիկի նմուշը և տպագրել որպես քարոզչական նյութ, Մուկուչյանը պատասխանեց՝ «որևէ սահմանափակում առկա չէ»: Ինչ վերաբերում է հարցին, թե որտեղի՞ց է վերցվել քվեաթերթիկի նմուշը՝ ասաց այն առկա է ԿԸՀ կայքում:

Տիգրան Մուկուչյանը բացառեց Տարոն Մարգարյանի շտաբում իրական քվեաթերթիկի հայտնվելու, ինչպես նաև քվեաթերթիկների նմուշը առաջիկա ընտրությունների ժամանակ օգտագործելու հնարավորությունը․ - «Ոչ, որովհետև եթե դրանց վրա նշված է նմուշ բառը, բնական է, որ նման քվեաթերթիկներ դուրս գալու պարագայում միանշանակ համարվելու են չսահմանված նմուշի»:

Մինչդեռ «Հայկական ժամանակի» լրագրող Աննա Զախարյանը նշում է, որ երբ մուտք է գործել Մալաթիա-Սեբաստիա համայնքում գտնվող Տարոն Մարգարյանի շտաբ, ականատես է եղել հետևյալ պատկերին․ - «Տեսա, որ քաղաքացիները դուրս են գալիս քվեաթերթիկ ձեռքները՝ քվեարկած երրորդ համարի օգտին, քվեաթերթիկի մեկ-երրորդի չափով ինչ-որ կտրոն, որ չհասցրեցի հասկանալ, թե ինչ է ու նաև գումար: Դուրս էին գալիս ու տեղավորում գումարը գրպանում, թուղթը ծալում էին: Կոնկրետ 20 հազարանոց դրամ ես ֆիքսել եմ ու շատ լավ հիշում եմ»:

Աննա Զախարյանը պատմում է, որ շտաբում այդ պահին մոտ 3 տասնյակ մարդ կար: Նրանց անունները հերթով կարդում էին, նրանք մոտենում էին, հետո գումարը և թղթերը ձեռքին դուրս էին գալիս: Իրեն պարզաբանել են, թե աշխատավարձ են ստանում, ինչ վերաբերում է թղթերին, լրագրողը նշեց․ - «Ասում էին՝ քվեաթերթիկ չի եղել: Ինձ դեղին բուկլետը ցույց տվեցին Տարոն Մարգարյանի, ասում էին՝ սա է, տես՝ սա քվեաթերթիկ չի: Ես ասացի, որ, բնականաբար, քվեաթերթիկն ու բուկլետը տարբերում եմ իրարից»:

Աննա Զախարյանի փոխանցմամբ, այդ ամենը տեսագրելուց հետո իրեն է մոտեցել ինչ-որ անձ, վերցրել հեռախոսը և տարել շտաբ՝ ջնջելով բոլոր համարները, զանգերը, հաղորդագրությունները: Աննա Զախարյանը հիշում է, որ երբ փորձել է մտնել շտաբ՝ հեռախոսը վերցնելու նպատակով բավական ուշագրավ տեսարանի է ականատես եղել․ - «Սկզբից՝ նկարահանումների ժամանակ, չէի տեսել գումարը սեղանին դրված, չէի տեսել, թե գումարը որտեղից է տրվում, միայն տեսել էի, որ գումարը ձեռքներին դուրս են գալիս: Բայց երբ հեռախոսի հետևից վերադարձա շտաբ, տեսա, որ սեղանի վրա դրամների տրցակներ են դրված, սեղանի շուրջը մարդիկ են նստած, բայց արագ հավաքեցին»:

Լրագրողի հեռախոսը վերադարձրել են յուրօրինակ ձևով՝ անձեռոցիկի մեջ փաթաթած: - «Մոտեցան, անձեռոցիկով հեռախոսը պահած, որպեսզի մատնահետքեր չլինեն դրանց վրա: Առաջարկեցին՝ ես այդ տարբերակով հրաժարվեցի վերցնել, բարձրացա տուն: Մի րոպե հետո դուռը խփեցին, բացեցինք՝ հեռախոսը մտցրեցին տուն ու գնացին», - պատմեց Զախարյանը:

Ի դեպ, «Հայկական ժամանակի» լրագրողը երեկ մինչև ուշ գիշեր ոստիկանությունում բացատրություն է տվել տեղի ունեցած վերաբերյալ, սակայն թերահավատ է, թե իրավապահները կբացահայտեն տեղի ունեցածը:

Ոստիկանությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ «Հայկական Ժամանակի» լրագրողը հաղորդում է տվել այն մասին, որ ականատես է եղել, թե ինչպես են բաժանել քվեաթերթիկ և ընտրակաշառք՝ գումարի տեսքով: Երբ այդ ամենը փորձել է նկարահանել, մի երիտասարդ, խոչընդոտելով լրագրողի մասնագիտական գործունեությունը, ձեռքից խլել է հեռախոսը՝ մտնելով շտաբ: Հետո, ջնջելով հեռախոսում առկա տեղեկատվությունը, այն անվնաս ետ է վերադարձվել: Ձեռնարկվում են միջոցառումներ նշված երիտասարդների ինքնությունը պարզելու ուղղությամբ: Կատարվում է հետաքննություն: