Եվրասիական տնտեսական կոլեգիան ընդունել է վճիռ, ըստ որի Եվրասիական տնտեսական միության անդամ-երկրների մարզիկները այդ կառույցի տարածքում չեն համարվի «արտասահմանցի», չեն ունենա «լեգեոների» կարգավիճակ, և, հետևաբար, նրանց նկատմամբ չեն գործի թվային սահմանափակումները:
«Ինտեֆաքս» ռուսական լրատվական գործակալության փոխանցմամբ, կոլեգիան այդ որոշման մասին պաշտոնապես կտեղեկացնի անդամ-երկրների՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Հայաստանի և Ղրղըզստանի պատկան մարմիններին:
«ԵԱՏՄ պայմանագիրը կնքելով՝ պետությունները պարտավորվել են չկիրառել ազգային շուկաների պաշտպանությանն ուղղված սահմանափակումները, որոնք ամրագրված են իրենց օրենսդրություններում», - հայտարարել է կոլեգիայի ներքին շուկաների, ինֆորմատիզացիայի և տեղեկատվական տեխնոլոգիաների հարցերով պատասխանատու Կարինե Մինասյանը:
Նրա պնդմամբ, կոլեգիան ընդունել է ճիշտ և հավասարակշռված որոշում, որը թույլ կտա վերացնել անդամ-երկրների մարզիկների առջև ծառացած խոչընդոտները:
«Աշխատանքի շուկայում արգելքների վերացումը լավագույն պատասխանն է այն հարցին, թե ի՞նչ է տալիս եվրասիական ինտեգրումը միության քաղաքացիներին», - ասել է Մինասյանը:
Եվրասիական տնտեսական կոլեգիայի որոշումից հետո Եվրասիական տնտեսական միության անդամ-երկրները տասը աշխատանքային օրվա ընթացքում պետք է զեկուցեն արգելքների չեղարկման մասին՝ թե՛ ազգային օրենսդրությունների, թե՛ լեգեոներների վերաբերյալ մարզական կազմակերպությունների ընդունած որոշումների մակարդակում:
Ըստ «Ինտերֆաքսի», դա կնշանակի, որ ԵԱՏՄ քաղաքացիները, օրինակ, հայ կամ բելառուս ֆուտբոլիստները, Ռուսաստանի ֆուտբոլի առաջնությունում լեգեոներ չեն համարվի, հետևաբար, մարզիչները կստանան ակումբներն առավել բարենպաստ պայմաններում՝ առանց թվային սահմանափակումների կազմելու հնարավորություն:
«Ինտերֆաքսը» հիշեցնում է, որ Ռուսաստանի պրեմիեր-լիգայում 2014-15 թվականների մրցաշրջանում գործել է «7 գումարած 4» բանաձևը, որի համաձայն, մեկ թիմը կարող էր խաղի համար հայտավորել մինչև 7 օտարերկրացի ֆուտբոլիստ, և կազմում անպայման պետք է լիներ առնվազն 4 ռուսաստանցի: Իսկ մեկ տարի անց ընդունվել է «6 գումարած 5» բանաձևը, որն այսօր էլ ուժի մեջ է:
Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնում, մեկ թիմի կազմում կարող է միաժամանակ գտնվել առավելագույնը 3 օտարերկրացի ֆուտբոլիստ:
Եվրասիական տնտեսական կոլեգիայի այս որոշումն անպայման ազդեցություն կգործի ԵԱՏՄ անդամ-երկրներում ոչ միայն ֆուտբոլի, այլև բոլոր այլ մարզաձևերի զարգացման վրա. մի կողմից, տաղանդավոր մարզիկները կարող են աշխատանք գտնել ավելի հարուստ ակումբներում, մարզվել ու խաղալ իրենց համար ավելի բարենպաստ պայմաններում և հետագայում ավելի լավ մարզավիճակում հանդես գալ ազգային հավաքականներում, բայց, մյուս կողմից, ոչ հարուստ երկրներից մարզիկների «արտագաղթի» արդյունքում տեղական առաջնությունները կարող են դառնալ էլ ավելի անհետաքրքիր: