Փաստաբան․ Քննչական խումբը չի անհատականացրել «Սասնա ծռերի» անդամների գործողությունները

«Սասնա ծռեր» զինված խմբի առանցքային 14 անդամների գործը առաջիկա օրերին կուղարկվի դատարան: Հատուկ քննչական ծառայությունը երեկ հաղորդեց, որ նրանց մասով նախաքննությունն ավարտված է, այն ներկայացվել է դատախազին հաստատմանը՝ դատարան ուղարկելու համար։

Անցած ամռանը ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրաված զինված խմբի գործով ավելի քան 60 մարդ է անցնում, որոնց հիմնական մասը մեղադրվում է կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով զենք զինամթերք հափշտակելու, կրելու, փոխադրելու, շենք շինություններ գրավելու, պատանդ վերցնելու, գույք ոչնչացնելու մեջ:

Այս մեղադրանքներից բացի, Արմեն Բիլյանին և Սմբատ Բարսեղյանին ներկայացվել է նաև սպանության մեղադրանք: Բիլյանը, մասնավորապես, մեղադրվում է գնդում ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակից՝ ՊՊԾ գնդի հերթապահի օգնական, ոստիկանության ենթասպա Գագիկ Մկրտչյանի սպանության մեջ։ Իսկ Սմբատ Բարսեղյանը մեղադրվում է գնդի հրամանատարի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանի և ոստիկանության ենթասպա Յուրի Տեփանոսյանի սպանության մեջ։

Բացի այդ, ըստ ՀՔԾ-ի, Արմեն Բիլյանը կազմակերպված խմբի այլ անդամների հետ կոտրել է ՊՊԾ գնդի վարչական շենքում տեղադրված «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ»-ի բանկոմատը և հափշտակել ավելի քան 14 միլիոն դրամ։

Զինված խմբի ոչ մի անդամ մեղքը չի ընդունում։ Շարունակում են պնդել, որ քաղաքական ակցիա են արել։ Պավել Մանուկյանի փաստաբան Հրանտ Գևորգյանը վկայակոչում է նախաքննական մարմնի ուղարկած գրությունը, որտեղ անգամ նշվում է զինված խմբի՝ իշխանություններին ուղղված պահանջի մասին․ - «Նրանք գրում են՝ գրավելով ներկայացրել են պահանջներ: Բայց պահանջներից դուրս են թողել Հանրապետության նախագահի հրաժարականի պահանջը»:

Գևորգյանը պնդում է, թե նախաքննությունը հապճեպ է արվել, անցած 9 ամիսների ընթացքում քննչական խումբն այդպես էլ չի անհատականացրել, թե խմբի որ անդամը կոնկրետ ինչ գործողությամբ է հանցանք կատարել։ Նա նշում է, որ անգամ ՊՊԾ գնդի տարածքի տեսագրությունները չեն հետազոտվել՝ մեղքը անհատականացնելու համար։ Գևորգյանը պատմում է, որ իրավապահները հարցաքննել են նաև Խորենացի փողոցի և Սարի թաղի բողոքի ակցիաների մասնակիցներին, որոնք չէին կարող որևէ տեղեկություն տալ, թե գնդի ներսում ով ինչով է զբաղված․ - «Էստեղ գրած ա՝ Պավել Մանուկյանը, Վարուժան Ավետիսյանը, Մխիթար Ավետիսյանը և Արայիկ Խանդոյանը կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով հափշտակել են Արթուր Հարությունյանին ամրակցված հրազեն հանդիսացող մեկ հատ 5.45 մմ տրամաչափի АКСУ-74 տեսակի ինքնաձիգը և մենք հատ «Մակարով» տեսակի ատրճանակ: Յուրաքանչյուր հոդվածի կամ նախադասության հետ կապված ես վեճի թեմա ունեմ, քանի որ նրանք կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու տակ ի՞նչ են հասկանում․․․ որ ի՞նչ են արել, զենքի սպառնալիքո՞վ են վերցրել էդ զենքը, թե՞ նրանք պահանջել են էդ զենքը հանձնել, նա հանձնել ա»:

Պնդելով, թե զինված խումբը փորձել է իշխանափոխություն իրականացնել՝ ՊՊԾ գունդը գրաված «Միայնակ Գայլ» անունով հայտնի Արայիկ Խանդոյանի պաշտպան Արա Ղարագյոզյանն ասում է, որ պաշտպանյալի դեմ որևէ մեկը ցուցմունք չի տվել։

Խանդոյանը մեղադրվում է կազմակերպված խմբի կողմից զենք հաշփտակելու, զենք զինամթերք պահելու մեջ, ինչպես նաեւ ոստիկաններին եւ բժիշկներին պատանդ վերցնելու մեջ։

«Քանի որ նույն այդ իմ պաշտպանյալի դեմ չեն մատնանշել և ցուցմունք չեն տվել: Ըստ էության որևէ բավարար ապացույց իմ պաշտպանյալի մասով վարույթ իրականացնող մարմինը չի ձեռք բերել: Որևէ ապացույց, որևէ վկա չի մատնանշել, որ իմ պաշտպանյալը ինչ-որ մեկին պատանդ է վերցրել, կամ ինչ-որ մեկի նկատմամբ բռնություն է իրականացրել: Կամ որ խոսվում է զինված ՊՊԾ գունդը գրավելու մասին, որևէ ապացույց չկա, որ իմ պաշտպանյալը զինված է եղել ու զինված մտել է պարեկապահակային գունդ», - հայտարարեց Ղարագյոզյանը:

Հատուկ քննչական ծառայության հաղորդագրության համաձայն, քննության ընթացքում իրականացվել են 500-ից ավելի հարցաքննություններ, քննչական փորձարարություն և դեպքի վայրի դետալային զննություններ, նշանակվել են 100-ից ավելի փորձաքննություններ։ ՀՔԾ-ն նաև հայտարարում է, որ զինված խմբի անդամներ Վարուժան Ավետիսյանն ու Պավել Մանուկյանը մի խումբ այլ անձանց հետ նախապատրաստել են 2015 թվականի ապրիլի 24-ին հրապարակային միջոցառումների անցկացման վայրերում զանգվածային անկարգությունների կազմակերպումը»: