Կարինե Խոդիկյան․ Լեզվի տեսչությունը պետք է ոչ թե փակել, այլ ընդլայնել դրա լիազորությունները

Անդրադառնալով ՀՀ ԿԳՆ Լեզվի պետական տեսչության հնարավոր լուծարմանը՝ «Գրական թերթի» գլխավոր խմբագիր Կարինե Խոդիկյանն ու Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի Հայոց լեզվի պատմության ամբիոնի վարիչ Նարինե Դիլբարյանը համոզմունք հայտնեցին, որ սա հայոց լեզվի դերը նվազեցնելու հերթական փորձ է, որը ձեռնարկել են հայոց լեզվամտածողությունից զուրկ պետական պաշտոնյաներ:

Դիլբարյանի համոզմամբ, կառավարությունը որևէ լուրջ խնդիր չի տեսնում Լեզվի պետական տեսչության հնարավոր լուծարման հետ կապված․ - «Որովհետև դա թերևս ամենաանվտանգ բնագավառն է: Ես նկատել եմ՝ Կարեն Կարապետյանը գնում է ամենաթույլ դիմադրության ճանապարհով: Եթե դու գործող անձ ես, այն էլ առաջին դեմքն ես և մեծ հավակնություններ ունես, պետք են ծրագրեր․․․ Ո՞վ է ամենաանվտանգը: Լեզվի պետական տեսչությունը: Քանի որ հայոց լեզվին էլ ինքը տիրապետում է այնքանով, որքանով, իր աշխարհընկալման մեջ փոքր տեղ ուներ․․․ Եվ եկեք անկեղծ լինենք՝ Լեզվի պետական տեսչությունն էլ բնավ չէր փայլում աշխատանքային սխրանքներով․․․ Այ ընկերներ, հոնքը ուղղելու փոխարեն մենք աչքն են հանում»:

Կարինե Խոդակյանն ասաց․ - «Մեզանում ծառերը վերացնելու հատուկ քաղաքականություն է մշակվել․ սկզբում հսկայական ծառին աղաջուր են լցնում, չգիտեմ ինչ են լցնում, ծառը չորանում է, հետո ասում են ծառը պետք չի, չորացավ, ու կտրում են: Ի՞նչ արվեց Լեզվի պետական տեսչության հետ: Այն մեր նորանկախ պետության սկզբնական շրջանում բավական գործուն մարմին էր և ուներ լիազորություններ, 98 թվականին իջեցվեց նրա կարգավիճակը՝ դարձավ տեսչություն, և դրվեց ծիծաղելի մի համակարգ․ գործարարը իր խանութի ճակատին մեկ միլիոն դրամանոց անգլիատառ ցուցանակ է դնում, Լեզվի տեսչությունը նրանից քսան հազար դրամ տուգանք է ստանում: Այդ խաղը, որ պարտադրվեց Լեզվի տեսչությանը պետության կողմից, դա հատուկ մտածված քաղաքականություն էր: Ամենաթողություն այն գործարարին, որ իր չտեսությամբ․․․ իր լեզուն չհարգողը արաբերեն էլ կգրի, թուրքերեն էլ կգրի»:

Նարինե Դիլբարյանի կարծիքով, Լեզվի պետական տեսչության լուծարումը մի շարք օրենքների խախտում է․ - «Ես կարծում եմ, խախտվում է Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը: Որովհետև Սահմանադրության մեջ միարժեք նշված է, որ Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է, իսկ ովքե՞ր պետք է բացահայտեն, եթե մեր պետական լեզվի դեմ ոտնձգություններ են կատարվում․ Լեզվի պետական տեսչության ներկայացուցիչները: Հո այդ գործառույթը չի դրվելու իրավապահ մարմինների վրա, ոստիկանների վրա: Երբ որ «Լեզվի մասին» օրենքով ստեղծվեց այդ տեսչությունը, այն ժամանակ մարդիկ մտածում էին, դա հենց այնպես չի ստեղծվել․․․ Բայց հիմա հեշտ, դյուրին․․․»

Իսկ Կարինե Խոդիկյանը հորդորում է կառավարությանը լուծարելու փոխարեն առավել ընդլայնել Լեզվի պետական տեսչության գործառույթները․ - «Ես բարեկամաբար խորհուրդ կտային այն մեկին, չգիտեմ դա վարչապետի՞ պայծառ իդեան է, թե՞ որևէ մեկն է նրան խորհուրդ տվել, մի հատ նայել Լեզվի տեսչության գործունեությունը, կարդալ երկրի Սահմանադրությունը, կարդալ լեզվի մասին ինչ իրավունք և պարտավորություն ունի պետությունը, և ըստ այդմ ոչ թե փակի Լեզվի տեսչությունը, այլ լիազորություններ տա, որպեսզի ին սեփական երկրում խանութի վրա անգլիատառ մեկ մետրանոց տառերի տակը փոքր, հազիվ նկատելի հայերեն տառեր չլինեն: Այ դա կլինի սեփական երկրի նկատմամբ վարչապետի կամ նրա խորհրդականի քաղաքացիական վերաբերմունք»:

«Ֆինանսական նպատակահարմարությունը կամ ընդհանրապես տնտեսական հաշվարկները պետություն կառուցելիս երբեմն բավական վատ խորհրդատու են: Բայց այդ ճանապարհը տանում է դեպի փակուղի: Ես կասեի՝ տանում է դեպի դժոխք, այն դժոխքը, որի միջով մենք անցել ենք և որը կարծես ուզում ենք հաղթահարել», - նշեց Նարինե Դիլբարյանը:

«Հայաստանում այսպես է․ կարող է մի ամբողջ օղակ ստեղծեն ինչ-որ մեկին պաշտոն տալու համար, իսկ ինչ-որ մեկին հանելու համար մի ամբողջ գերատեսչություն կարող են փակել: Այս խնդիրն էլ կա: Բայց ինձ համար, որպես հայ, որպես գրող, որպես մարդ, որը գիտե և գնահատում է լեզվի նշանակությունը և գինը, թող մտքներով չանցնի, որ այս մի բանը կարող են մարսել», - եզրափակեց Կարինե Խոդիկյանը: