Թրամփ․ «Քոմին պաշտոնանկ արվեց, քանի որ վատ էր աշխատում»

Ջեյմս Քոմի, արխիվ

«Քոմին պաշտոնանկ արվեց, քանի որ վատ էր աշխատում», - երեկ երեկոյան հայտարարեց Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը՝ մեկնաբանելով Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) տնօրենին զբաղեցրած պաշտոնից հեռացնելու իր որոշումը:

Հիշեցնենք, որ Հետաքննությունների դաշնային բյուրոյի ղեկավար Ջեյմս Քոմին պաշտոնանկ արվեց երեքշաբթի երեկոյան: Նրա պաշտոնանկության ֆորմալ պատճառը մայիսի 3-ին Սենատում կայացած լսումների ժամանակ օրենսդիրներին իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ ներկայացնելն էր: Դատելով, սակայն, Ներկայացուցիչների տան խոսնակ Փոլ Ռայանի խոսքից՝ Սենատում կայացած լսումների ժամանակ Քոմիի պահվածքը վերջին կաթիլը դարձավ Թրամփի և նրա թիմի համար:

«Ես կարծում եմ, որ նախագահի համբերությունը սպառվել էր, իսկ արդարադատության նախարարության ղեկավարները կորցրել էին այն վստահությունը, որ տածում էին Քոմիի հանդեպ: Այժմ, ինձ թվում է, շատ կարևոր է, որպեսզի մենք կարողանանք շուտափույթ կերպով գտնել այն կարող ու մասնագիտական բարձր որակներով օժտված գործչին, ով կկարողանա փոխարինել Քոմիին [Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրենի պաշտոնում]», - հայտարարում էր Ներկայացուցիչների տան խոսնակը:

Ամերիկյան ամենաազդեցիկ հատուկ ծառայություններից մեկի նոր ղեկավարի հաստատումը Կոնգրեսում, սակայն, կարող է ձգձգվել` ամերիկացի օրենսդիրների շրջանում նոր բանավեճերի ու լարվածության պատճառ դառնալով: Մի շարք ազդեցիկ դեմոկրատ կոնգրեսականներ արդեն իսկ նախապայմաններ են առաջ քաշում:

«Ես կքվեարկեմ Հետաքննությունների դաշնային բյուրոյի ցանկացած տնօրենի թեկնածության դեմ, քանի դեռ հատուկ դատախազի նշանակման մասին որոշումը աջակցություն չի ստացել», - հայտարարում էր սենատոր Ռիչարդ Բլյումենթալը:

Դեմոկրատների պնդմամբ՝ հատուկ լիազորություններով օժտված այդ դատախազը պետք է շարունակի այն հետաքննությունը, որ վերջին շաբաթներին իրականացնում էին այժմ արդեն պաշտոնանկ Ջեյմս Քոմիի ենթակաները: Խոսքը Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի իշխանական շրջանակների միջև կապերի հետաքննության մասին է: Դեմոկրատների պնդմամբ՝ միայն հատուկ դատախազի նշանակման միջոցով հնարավոր կլինի պարզել, թե ինչ շփումներ են եղել Միացյալ Նահանգների գործող նախագահի և պաշտոնական Մոսկվայի միջև:

«Եթե կա մի ժամանակահատված, երբ հատուկ դատախազի նշանակումն իրավիճակի հստակ թելադրանք է, ապա դա հենց հիմա է», - երեկ Սենատի լիագումար նիստի ընթացքում հայտարարում էր դեմոկրատների խմբակցության ղեկավար Չարլզ Շումերը:

Դեմոկրատական կուսակցության մեկ այլ ներկայացուցչի` Ռոն Վայդենի համոզմամբ էլ, ամերիկյան Կոնգրեսը չպետք է սահմանափակվի անկախ դատախազի նշանակում պահանջելով:

«Շատ հստակ է, որ պարոն Քոմին շուտափույթ կերպով պետք է առերեսվի Սենատի անվտանգության հանձնաժողովի անդամներին` նրանց հետ քննարկելով Թրամփի նախընտրական շտաբի, «Թրամփ» կազմակերպության և անձամբ նախագահի ու ռուսների միջև հարաբերություններին առնչվող թեմաները», - նշում էր կոնգրեսականը:

Ակնհայտ է, որ առավել կտրուկ են տրամադրված Նյու Յորքից ընտրված դեմոկրատ կոնգրեսականները, որոնք ևս պահանջում են անկախ հետաքննություն սկսել Դոնալդ Թրամփի և ռուսների միջև եղած կապերի առթիվ:

«Դոնալդ Թրամփը ինչ-որ բան է թաքցնում ամերիկացի ժողովրդից` փաստեր, որ վերաբերում են Ռուսաստանի միջամտությանը մեր ընտրություններին», - հայտարարում էր կոնգրեսական Հաքիմ Ջեֆրիսը:

Անկախ դատախազի նշանակման հարցում Թրամփի կուսակից հանրապետականներն առանձնապես ոգևորված չեն: Ներկայացուցիչների տան խոսնակ Փոլ Ռայանի համոզմամբ՝ նոր հետաքննության մեկնարկը խառնաշփոթից բացի որևէ այլ արդյունքի չի հանգեցնի:

«Չեմ կարծում, թե դա լավ գաղափար է: Այժմ միանգամից երեք հետաքննություն է ընթանում: Առաջինը վարում է հետախուզության հարցերով մեր հանձնաժողովը, կա նաև Սենատում գործող հետախուզության հանձնաժողովը: Բացի այդ, Հետաքննությունների դաշնային բյուրոն ևս հետաքննում է Ռուսաստանին առնչվող բոլոր հարցերը: Այնպես որ, կարծում եմ՝ [հատուկ դատախազի նշանակումը] լավ գաղափար չէ: Հետախուզության հարցերով զբաղվող հանձնաժողովները` ահա այն կառույցները, որ պետք է զբաղվեն այս խնդրով», - պնդում էր Ներկայացուցիչների տան խոսնակը: