Ադրբեջանական խնձորի ապօրինի ներկրման գործով կան կալանավորվածներ

Ադրբեջանական խնձորի գործով Հատուկ քննչական ծառայությունն այսօր մեղադրանք է առաջադրել ու կալանավորել Պետական եկամուտների կոմիտեի նախաբացթողումային հսկողության վարչության Բագրատաշենի բաժանմունքի մաքսային տեսուչին և նույն բաժանմունքի հերթափոխի պետին:

Ըստ կոմիտեի հաղորդագրության, նրանք նախնական համաձայնությամբ, երկու անհատ ձեռնարկատերերից կաշառք են ստացել` վերջիններիս թույլ տալով առանց մաքսային ձևակերպումների և անհրաժեշտ լաբորատոր հետազոտությունների Բագրատաշենի մաքսակետով ներկրել օրենքով սահմանված թույլատրելի չափաքանակը գերազանցող տարբեր տեսակի միրգ-բանջարեղեն, այդ թվում` ադրբեջանական խնձոր: Սկանդալային այս թեմային անդրադարձավ նաև ՊԵԿ նախագահը։

Վարդան Հարությունյանը խոստովանեց՝ մեղավոր են․ - «Էդ միգուցե իմ բացթողումն ա եղել, միգուցե որևէ տեղ մենք դրան չեն հասել, որևէ տեղ նոյեմբերյանցին, որը որ բերում ա, հիսուն-հիսուն կիլո անցկացնում ա, չենք նկատել: Կամ ոչ թե չենք նկատել, այլ ընտեղ, մի հատ, շատ կներեք, շան տղա էրկու կոպեկ վերցրել ա ու թաքցրել ա էդ ամեն ինչը»:

«Մենք արդեն գտել ենք ու պատժելու ենք մեղավորներին», - հավելեց Հարությունյանը։

«Ազատությունը» նրան հիշեցնում է, որ բացահայտումն արել են ոչ թե իրենք, այլ քաղաքացիները, հետո լրագրողները։ Փաստորեն եթե չլինեին խնձորի ադրբեջանական ծագումը վկայող տուփերը ու համապատասխան ֆիրմային մակնշումը, ապա ոչ ոք չէր իմանա ապօրինի ներկրման մասին։

«Վա՞տ է դա, որ մեր հասարակությունը նման զգայուն է և տեսնում է արդեն յուրաքանչյուր կատարած հանցանքը: Ես դա դրական եմ գնահատում», - արձագանքեց նա:

Իսկ լրագրողների դիտարկմանը, որ այդուհանդերձ կատարվածը հայտնաբերել է ոչ մաքսային ծառայությունը, հակադարձեց․ - «Էսքան դրականի մեջ գտել եք մի հատ սև կետ ու ուզում եք սևացնե՞ք․․․ Սևացրեք, խնդիր չկա»:

Ադրբեջանական խնձորի թեման չի սպառվում․ լրագրողները հարցերից Հարությունյանը բորբոքվում է․ - «Ուրիշ թեմա չունե՞ք․․․ Մեր աշխատակիցների ցինիզմն եմ շատ վատ գնահատում՝ թե՛ ներմուծողների, թե՛ վաճառողների»:

Դեպքերից հետո սահմանին հսկողությունն ուժեղացվել է, խիստ են անգամ մինչև 50 կգ ապրանքի նկատմամբ, որը, ըստ ընթացակարգի, չի մաքսազերծվում։ Սրանից օրերս դժգոհում էին սահմանային անցակետին հարակից բնակավայրերի մի խումբ բնակիչները։ Նրանք բողոքում էին, որը մաքսակետը սահմանափակել է փոքր քանակությամբ միրգ, բանջարեղեն և այլ ապրանքներ ներկրելու՝ նախկինում ունեցած իրենց հնարավորությունը։

Սրան ի պատասխան Հարությունյան ասում է՝ հսկում ենք, որ նույն պատմությունը չկրկնվի․ - «Օրվա մեջ քսան անգամ թողենք 50 կիլոգրամ բերի՞, էդ ա՞ արհեստական խոչընդոտը, դա՞ խրախուսենք․․․ Ոչ թե փորձում են, հենց էդ են արել, դրա համար են կաշառք տվել»:

Ադրբեջանական խնձորից ու կաշառված մաքսային աշխատակիցներից հետո թեման հասավ Կոմիտեի ճոխ պարգևավճարներին․ տարեվերջին 800 միլիոն դրամի պարգևներ տված կոմիտեն, ըստ լրագրողների, փաստորեն խրախուսում է մարդկանց, ովքեր իրականում այնքան էլ բարեխիղճ չեն աշխատում: Հարությունյանի արձագանքեց, թե դա տվել են պահուստային ֆոնդից լավ աշխատանքի համար, և հավելեց․ - «Ցածր է աշխատավարձները ՊԵԿ-ի»:

«Ազատության» հարցին, թե որքան է նախաբացթողումային հսկողության վարչության աշխատակիցների աշխավարձը, Հարությունյանը պատասխանեց․ - «Շատ ցածր է: Եթե չեմ սխալվում, 150-200 հազար դրամ»:

Ըստ ՊԵԿ-ի ղեկավարի, միջին աշխատավարձը կոմիտեում պետք է հասնի գոնե 300-350 հազարի, քանի որ իրենց հավաքագրած ամեն կոպեկը ծառայում է երկրի զարգացմանը:

Նկատենք, սակայն, որ ՊԵԿ նախագահը դեռ տարեվերջին ասում էր, որ իրեն անհրաժեշտ են «հանուն Հայաստանի» ամսական 50-70 հազար դրամ աշխատավարձի դիմաց աշխատելու պատրաստ երկուևկես հազար հարկային տեսուչներ: Անցել է 5 ամիս, և այսօր լրագրողները հետաքրքրվում են՝ գտե՞լ է այդպիսի հայրենասերների։

«Չորս-հինգ ամսում դուք ինձնից ակնկալում էիք, որ պետք ա բոլորին ես փոխեմ, որը ուղղակի անհնարին ա», - արձագանքեց նա։

Կոմիտեի ղեկավարը նաև պնդեց, որ իրենց հաջողվել է զգալիորեն կրճատել խոշոր հարկ վճարողների ստվերային շրջանառությունը։ Եթե նախկինում, նրա խոսքով, խոշորների շրջանառության գրեթե կեսը ստվերում էր, այժմ՝ մեկ երրորդն է: Բայց թե ովքեր են պետությանը թալանած այդ խոշոր հարկ վճարողները, Հարությունը անուններ չի նշում․ - «Ձեզ արդյո՞ւնքն ա հետաքրքիր, թե՞ ամպագոռգոռ վերնագրերը․․․ Թույլ տվեք ես էդ հարցին չպատասխանեմ ու ստվերի դեմ պայքարեմ ստվերում»:

Ստվերում մնաց նաև այն անձի անունը, որը դեռ 2016-ի նոյեմբերին, ըստ ՊԵԿ-ի, խոչընդոտել էր Ռուսաստանից բանանի ներկրում իրականացնելու փորձը։ «Ազատության» հարցին, թե ինչու այդպես էլ չհրապարակվեց նրա անունը, Հարությունյանը պատասխանեց, թե գործը դեռ նախաքննության փուլում է․ - «Մենք հիմա անուն հնչեցնենք ինչի՞ համար․․․ Եթե վերջնական մեղքը ապացուցված չի»: