Զինծառայողին սպանելու կասկածանքով ձերբակալվել է ծառայակիցը. ՔԿ

քննչական կոմիտեի շենքը Երևանում

Քննչական կոմիտեն հաղորդում է, որ կոմիտեի ԶՔԳՎ 6-րդ կայազորային քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Գագիկ Մեսրոպյանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Կոմիտեն նշում է, որ 2017 թվականի մայիսի 10-ի առավոտյան ահազանգ էր ստացվել, որ ժամը 08:40-ի սահմաններում Հայաստանի պաշտպանության նախարարության N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Գագիկ Առուշի Մեսրոպյանը, ով զինհոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին մահացել է:

«Դեպքի առթիվ ԶՔԳՎ 6-րդ կայազորային քննչական բաժնում հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռնարկվել են մեծածավալ քննչական գործողություններ՝ զինծառայողի մահվան բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։ Արդյունքում՝ բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել,որ Գագիկ Մեսրոպյանն սպանության զոհ է դարձել, պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։ Սպանության կասկածանքով ձերբակալվել է նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող։ Նախաքննությունը շարունակվում է», - ասված է հաղորդագրությունում: