Վարչապետն արդյունավետ աշխատանք մաղթեց Արփինե Հովհաննիսյանին Ազգային ժողովում

Արփինե Հովհաննիսյան

Այսօր՝ կառավարության նիստի ավարտին, վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհակալություն հայտնեց արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին՝ գործադիրում արդյունավետ աշխատանքի համար, և մաղթեց նրան հաջողություններ Ազգային ժողովում։

«Ուզում եմ բոլորիս անունից շնորհակալություն հայտնել տիկին Հովհաննիսյանից՝ համատեղ և արդյունավետ աշխատանքի համար, ցանկանալ իրեն ամենայն բարիք և այդ արդյունավետությունը, որն ինքը ցուցաբերել է կառավարության աշխատակազմում, ցուցաբերի նաև Ազգային ժողովում», - ասաց վարչապետը։

Հովհաննիսյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց վարչապետին։ «Շնորհակալ եմ, պարոն վարչապետ, Ձեզ և իմ գործընկերներին մաղթում եմ արդյունավետ աշխատանք», - ասաց արդարադատության նախարարը։

Հիշեցնենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) մայիսի 30-ին մանդատներ հանձնեց նորընտիր Ազգային ժողովի պատգամավորներին։ Մանդատ ստացավ նաև Արփինե Հովհաննիսյանը և իր աշխատանքը կշարունակի խորհրդարանում։