«Ելք» դաշինքի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը Երևանի ավագանու ընտրություններում իր մրցակից Զարուհի Փոստանջյանին առաջարկում է դիմել իրավապահներին:
Այսօր «Երկիր Ծիրանի» կուսակցության առաջնորդ Փոստանջյանը ընտրակաշառքի դեմ քաղաքացիներին 15 հազարական դրամներ տրամադրելու «Ելք»-ի նախաձեռնությունը «քրեորեն հետապնդելի արարք» էր որակել:
«Կարծում եմ, յուրաքանչյուր իրավապահ քաղաքացի պետք է քրեորեն հետապնդելի արարքի մասին տեղեկանալուց հետո դիմի իրավապահ մարմիններին: Էնպես որ, ես հույս ունեմ, որ Զարուհի Փոստանջյանը իր հայտարարության մեջ կլինի հետևողական և կդիմի իրավապահ մարմիններին», - այսօր ասաց Փաշինյանը
Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի վերջին շաբաթը «Ելք»-ը սկսեց նոր նախաձեռնությամբ: Պնդելով, որ հաղթանակի հարցում իրենց կարող է խոչընդոտել միայն ընտրակաշառքը՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց․ եթե ինքը քաղաքապետ ընտրվի, ապա յուրաքանչյուր քաղաքացի, ով կասի, որ ընտրակաշառքով չի ընտրել՝ քաղաքային բյուջեից կստանա 15 հազար դրամ:
Այսօր «Ազատության» հետ զրույցում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը տեղեկացրել է, որ իրենք ուսումնասիրում են՝ արդյո՞ք «Ելք»-իխոստումը հակաօրինական չէ:
Այս առնչությամբ Փաշինյանն ասաց․ - «Եթե էդպիսի որակում տեղի ունենա, նշանակում է Հայաստանի բոլոր ժամանակների բոլոր ընտրությունները պետք է չեղարկվեն: Որովհետև բոլոր ընտրություններում եղել են աշխատավարձի խոստումներ, սոցիալական նպաստների խոստումներ, ուսման վարձերի խոստումներ․․․ Ընտրակաշառքի մասին խոսք չկա, խոսք լինել չի կարող: Մենք պայքարում ենք ընտրակաշառքի դեմ»:
«Ելք»-ն իր վերջին բակային քարոզչությունն այսօր իրականացրեց Երևանի ամենահեռավոր կետերից մեկում՝ Շենգավիթ վարչական շրջանի «Չարբախ» մետրոյին հարակից տարածքում: Այստեղ ևս Նիկոլ Փաշինյանի քաղաքացիներին ներկայացրեց ընտրակաշառքի դեմ իրենց նախաձեռնությունը․ - «Չհուսահատվեք, որովհետև Հանրապետական կուսակցության փորած ընտրակաշառքային փոսից ելք կա»:
Չարբախի բնակիչները Փաշինյանին տեսնելիս միանգամից սկսեցին ներկայացնել իրենց ծանր կենցաղային պայմանները՝ հատկապես մատնացույց անելով աղբն ու խոնավությունից խունացած տան պատերը:
«Ելք» դաշինքն ավագանու ընտրությունների քարոզարշավը կամփոփի վաղը կայանալիք հանրահավաքով: