Դոնալդ Թրամփը պաշտոնանկ է արել ՀԴԲ-ի տնօրենին

Ջեյմս Քոմի, արխիվ

Ռոդ Այլենդից ընտրված դեմոկրատ սենատոր Շելդոն Ուայթհաուզը, Քոմիի պաշտոնանկության մասին տեղեկության հրապարակումից հաշված ժամեր անց, MSNBC հեռուստաընկերության եթերում, մասնավորապես, ասել է․ «Այս ողջ պատմության մեջ «Ուոթերգեյթի» սկանդալը հիշեցնող պահերը բավական շատ են»:

ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Ջեյմս Քոմիի պաշտոնանկությունն ամերիկյան քաղաքական շրջանակների համար կատարյալ անակնկալ էր: Թրամփի պաշտոնավարման առաջին ամիսների թերևս ամենաաղմկահարույց կադրային այս որոշման մասին հայտնի դարձավ երեքշաբթի երեկոյան: Սպիտակ տան խոսնակ Շոն Սփայսերի խոսքով, նախագահ Թրամփը Քոմիի պաշտոնակնության մասին որոշումը կայացրել է` հիմնվելով արդարադատության նախարար Ջեֆ Սեշընզի գրությունում տեղ գտած խորհուրդների վրա:

«Այդ նամակը նախագահին է հանձնվել այսօր: Իրականում այս խնդրի վերաբերյալ երկու նամակ է եղել` մեկը Արդարադատության նախարարից, մյուսը` նրա տեղակալից: Նախագահը համաձայնել է գրություններում տեղ գտած պնդումների հետ, ուստի և կայացվեց համապատասխան որոշում»,- հայտարարել է Շոն Սփայսերը, պնդելով, որ «Ջեյմս Քոմին այլևս չի վայելում Միացյալ Նահանգների նախագահի վստահությունը»:

Հետաքննությունների դաշնային բյուրոյի ղեկավարի պաշտոնանկության պատճառն այն սխալ տեղեկություններն էին, որոնք ամերիկյան ամենաազդեցիկ հատուկ ծառայություններից մեկի ղեկավարը հաղորդել էր Սենատի իրավաբանական հանձնաժողովի անդամներին` մայիսի 3-ին կայացած լսումների ժամանակ: Խոսելով նախագահության նախկին թեկնածու, նախկին պետքատուղար Հիլարի Քլիթնոնի օգնական Հումա Աբեդինի կողմից պաշտոնական նամակագրության գաղտնիության կանոնների խախտման մասին` Քոմին պնդել էր, թե նա պետական գաղտնիք պարունակող նամակներ է ուղարկել իր ամուսնուն` նախկին կոնգրեսական Էնթոնի Վիներին, որի համար, ըստ օրենքի, այդ տեղեկատվությունը հասանելի լինել չէր կարող:

«Ինչ-որ կերպ Քլինթոնի նամակները, այդ թվում՝ գաղտնիք պարունակող գրությունները, ուղարկվել էին Էնթոնի Վիներին` [Քլինթոնի] օգնական Հումա Աբեդինի կողմից: Մեր աշխատակիցները հազարավոր նման նամակներ էին հայտնաբերել»,- մայիսի 3-ին հայտարարել է Ջեյմս Քոմին:

Սենատուկ կայացած լսումներից մի քանի օր անց, սակայն, պարզ դարձավ, որ խոսքը ոչ թե հազարավոր, այլ հատուկենտ նամակների մասին է, որոնք հայտնվել են Վիների համակարգչում: Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները, սակայն, պնդում են, որ Միացյալ Նահանգների նախագահը Քոմիի այդ սայթաքումը որպես պատրվակ է օգտագործել, և նրա պաշտոնանկության իրական պատճառներն այլ են:

Բանն այն է, որ վերջին շաբաթներին Ջեյմս Քոմին և նրա ղեկավարած գերատեսչությունը հետաքննում էին Դոնալդ Թրամփի շրջապատի և Ռուսաստանի իշխանությունների կապերը, ինչպես նաև ամերիկյան նախագահական ընտրությունների վրա Ռուսաստանի հնարավոր ազդեցության մասին տեղեկությունները:

Ռոդ Այլենդից ընտրված դեմոկրատ սենատոր Շելդոն Ուայթհաուզը, Քոմիի պաշտոնանկության մասին տեղեկության հրապարակումից հաշված ժամեր անց, MSNBC հեռուստաընկերության եթերում հստակ պատմական զուգահեռներ էր անցկացնում:

«Այս ողջ պատմության մեջ «Ուոթերգեյթի» սկանդալը հիշեցնող պահերը բավական շատ են: Առկա է մի նախագահ, որը պաշտոնանկ է անում Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրենին, որը հետաքննում է հենց իր` նախագահի գործողությունները»- հայտարարել է սենատոր Ուայթհաուզը: «Ուոթերգեյթ»-ը անցած դարի 70-ականների սկզբին քաղաքական հակառակորդների անօրինական գաղտնալսումների շուրջ ծագած այն սկանդալն է, որի հետևանքով հրաժարական ներկայացրեց Միացյալ Նահանգների 37-րդ նախագահ Ռիչարդ Նիքսոնը:

Նախագահ Թրամփը Քոմիի պաշտոնանկության շուրջ ծագած սկանդալին արձագանքեց ինչպես միշտ` «Թվիթերում» կատարված գրառման միջոցով: «Քոմին Վաշինգտոնում կորցրել է գրեթե բոլորի վստահությունը, թե՛ հանրապետականների, և թե՛ դեմոկրատների: Երբ իրավիճակը հանդարտվի, նրանք ինձ երախտապարտ կլինեն»,- նշել է Թրամփը, մեկ այլ գրառման մեջ էլ պնդելով․ «Ջեյմս Քոմիին տնօրենի պաշտոնում կփոխարինի այնպիսի մի մարդ, ով շատ ավելի արդյունավետորեն կաշխատի` Հետաքննությունների դաշնային բյուրոյին վերադարձնելով այդ կառույցին բնորոշ ոգին և հեղինակությունը»: