Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը դեռ չի հասել 2012-ի մակարդակին

Չնայած նախորդ ամիսներին նկատվող արտաքին առևտրի աշխուժացմանը, Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը դեռ չի հասել 2012 թվականի մակարդակին:

Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, այս տարվա առաջին երեք ամիսներին երկրի արտաքին առևտուրը կազմել է 1 միլիարդ 246 միլիոն դոլար, մինչդեռ հինգ տարի առաջ այն ավելի մեծ էր՝ 1 միլիարդ 303 միլիոն:

Հիմնական պատճառը երկու տարի շարունակ գրանցված անկումն էր: 2015-ի առաջին երեք ամիսներին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության անկումը դրամատիկ էր․ այն կրճատվեց գրեթե մեկ երրորդով՝ 28 տոկոսով, իսկ անցած տարվա հունվար-մարտին՝ 3.8 տոկոսով:

2016-ին ներմուծման կրճատումը շարունակվում էր, սակայն սկսեց աճել արտահանումը: Այս տարի դադարեց նաև ներմուծման անկումը, և արտահանման շարունակվող աճը զուգորդվեց ներմուծման աճով:

2017թվականի առաջին երեք ամիսներին Հայաստանից արտահանվել է 443.1 միլիոն դոլարի ապրանք ու ծառայություն: Սա ամենաբարձր ցուցանիշն է 2000-ից ի վեր:

Հնարավոր է, որ այս թիվն է հիմք տվել կառավարությանը խոսել առաջիկա տարիներին ակնկալվող արտահանման տպավորիչ աճի մասին: Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ վերջերս Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում տեղի ունեցած քննարկմանը հայտարարվեց, որ նպատակ կա ընդամենը հինգ տարվա ընթացքում՝ մինչև 2022-ը, հասնել նրան, որ արտահանումը գերազանցի ներմուծումը, ինչը երբեք չի եղել նորանկախ Հայաստանի 25-ամյա պատմության ընթացքում:

Հարցեր առաջացան անգամ վարչապետի մոտ․ - «Հիմա որ Դուք ասում եք մինչև 2022 թիվը արտահանումը գերազանցի ներմուծումը, շատ ուժեղ, լավ պնդում եք անում: Դրա տակից դո՞ւրս ենք գալու»:

ԱՎԾ տվյալներով, անցած տարի Հայաստանի ներմուծումը կազմել է 3.2 միլիարդ դոլար, արտահանումը՝ 1.7 միլիարդ կամ գրեթե 1.8 անգամ պակաս:

Այս թվերի ֆոնին կառավարությունում ծրագրում են այս տարի արտահանումը ավելացնել 200 միլիոն դոլարով, իսկ հաջորդ տարի է՛լ ավելի շատ՝ 450 միլիոն դոլարով․ տեղեկացնում է կառավարության պաշտոնական կայքէջը:

Նույն այդ խորհրդակցության ժամանակ Տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ արտահանման աճը թույլ կտա ստեղծել նոր աշխատատեղեր․ - «Տարեկան արտահանման աճը պետք է կազմի ոչ պակաս, քան 20 տոկոս, ու այդպես էլ կլինի: Եվ 2017-18 թվականների համար, մենք կարծում ենք, որ առնվազն 15 հազար նոր աշխատատեղեր ստեղծված կլինեն բոլոր յոթ թվարկված ուղղություններով: Առաջին տեղում թեթև արդյունաբերությունն է»:

Տնտեսագետ, Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանը կասկած հայտնեց, որ Հայաստանը կկարողանան այդ կարճ ժամանակահատվածում արտահանման նման աճ ապահովել, որովհետև նախորդ տարիներին չեն ստեղծվել ո՛չ համապատասխան ենթակառուցվածքներ, ո՛չ փորձ է արվել ներթափանցել նոր շուկաներ․ - «Ես բացառում եմ, որ մենք կարող ենք հինգ տարվա մեջ այնպիսի մի տնտեսության կառուցվածք ունենալ, որը թույլ կտա արտահանման այդպիսի աճ»:

Անդրադառնալով արտահանման աճին՝ Վահագան Խաչատրյանը հիշեցրեց անցած տարի աղմուկ հանած գյուղոլորտի վերաբերյալ սխալ տվյալների հրապարակումը, երբ գյուղմթերքի արտադրության և արտահանման թվերը ուռճացվել էին․ - «Երբ ներկայացվում է, որ մեր մոտ արտահանման տեմպերը աճում է 22 տոկոսով, 25 տոկոսով տարին տարվա համեմատ, ես դրան չեմ հավատում: Ապացուցելու համար ես ուղղակի բերեմ 2013-16 թվականները, ասենք, խաղող․ 2013 թվականին արտահանվել է 723 տոննա, 2014 թվականին՝ 754 տոննա, 2015 թվականին՝ 6 հազար 520 տոննա, 2016 թվականին՝ 32 հազար 700 տոննա․․․ Հավատացեք, որ էսպիսի բան չի կարող լինել: Հիմա լոլիկը լսեք․ արտահանվել է 2013 թվականին 1188 տոննա, 2014 թվականին՝ 243 տոննա, 2015 թվականին՝ 1254 տոննա, 2016 թվականին՝ 36 հազար 200 տոննա»: