Զարուհի Փոստանջյանը «քրեորեն հետապնդելի» է համարում Նիկոլ Փաշինյանի առաջարկը

Զարուհի Փոստանջյան, արխիվ

Քննադատություն հնչեցնելու հետ մեկտեղ, Զարուհի Փոստանջյանը նաև հավաստիացնում է՝ «Ելք»-ում կան մարդիկ, որոնց հետ պատրաստ է գործակցել, եթե նրանք ընդգրկվեն ավագանու կազմում։

«Ելք» դաշինքն ընտրակաշառքի դեմ մեկ այլ ընտրակաշառք է առաջարկում, համոզված է «Ելք»-ի մրցակից, «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը։ Վերջերս «Ելք»-ի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ հաղթանակի դեպքում պատրաստ են Երևանի ավագանու ընտրություններում կաշառք չվերցրած քաղաքացիներին քաղաքային բյուջեից 15 հազարական դրամ վճարել, որպես սոցիալական աջակցություն։

«Դա ուղղակի քրեորեն հետապնդելի արարք է, մեր հանրային գումարներն իրենց նպատակայնությամբ պետք է ծախսվեն, և մենք պետք է իրականացնենք երկարաժամկետ ծրագիր, որի ներքո մարդիկ կարիք չուենան ընդհանրապես այդ 15 հազար դրամի»,- այսօր մամլո ասուլիսի ժամանակ ասաց Զարուհի Փոստանջյանը:

«Երկիր Ծիրանի» կուսակցության կողմից Երևանի քաղաքապետի թեկնածու առաջադրված Փոստանջյանի համոզմամբ, Հանրապետականը վարչական ռեսուրսն է չարաշահում։ Սպառնում են քաղաքացիներին զրկել այս կամ այն սոցիալական օգնությունից, որը հատկացվում է քաղաքային բյուջեից։ «Ելք»-ի ու Հանրապետականի միջև Զարուհի Փոստանջյանն այս առումով նմանություն է տեսնում․ «Եթե մենք պետք է մեկի անունը փոխենք մեկ այլ անվանմամբ, որը պետք է գա նույն գործառույթներն իրականացնի, իհարկե դա փոփոխություն չէ, դա նշանակում է միայն անձանց փոփոխություն: Իսկ մենք առաջարկում ենք համակարգային փոփոխություն»:

«Ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանի քաղաքական դաշտը դեպրեսիայի մեջ է»,- շարունակում է Զարուհի Փոստանջյանը։ Նրա խոսքով, կարևոր քաղաքական ուժերից մի քանիսը Երևանի տեղական ինքնակառավարման համար չեն մրցում, նրանց դերակատարումը փորձում է ստանձնել «Ելք» դաշինքը:

«Ես թույլ չեմ տա, որ որևէ մեկն այդպիսի արատավոր գործառույթ իրականացնի, այն էլ ընդդիմության անունից: Մենք պետք է չմոռանանք, որ «Ելք» դաշինքը ճանաչեց այս կեղծված ապրիլի 2-ի ընտրությունները լեգիտիմ և ինքը ստացել է մանդատները: Սա նշանակում է՝ նա համագործակցում է արդեն այս պահին այս իշխանությունների հետ»,- հայտարարեց ԵԾԿ նախագահը:

Քննադատություն հնչեցնելու հետ մեկտեղ, Զարուհի Փոստանջյանը նաև հավաստիացնում է՝ «Ելք»-ում կան մարդիկ, որոնց հետ պատրաստ է գործակցել, եթե նրանք ընդգրկվեն ավագանու կազմում։ Թե ովքեր են նրանք, չմանրամասնեց: «Երկիր Ծիրանի» կուսակցության ծրագրերին անդրադառնալով, կուսակցության ղեկավարը շեշտում է՝ քարոզարշավի ընթացքում ոչ մի նոր խնդիր չբացահայտեց։ Պատգամավոր եղած տարիներին հասցրել է տեղեկանալ մայրաքաղաքի բոլոր խնդիրներին։ Զարուհի Փոստանջյանը հայտարարում է, որ «Երկիր Ծիրանիի» գլխավոր նպատակը Հայաստանն իրավական պետություն դարձնելն է ու քաղաքապետարանը «հանրապետականներից մաքրելը»։

«Մենք լինելու ենք կառավարություն, և այդ կառավարության ներքո է գտնվելու շուրջ 250 միլիոն դոլարի բյուջեն: Այսինքն՝ դրա ծախսերը, դրա նպատակային հատկացումներն ուղղակի մեր վերահսկողության ներքո են գտնվելու: Մենք գնում ենք վերցնենք իշխանությունը, դա միանշանակ»,- ասաց Փոստանջյանը:

«Երկիր Ծիրանի» կուսակցության եզրափակիչ հանրահավաքը նախատեսված է մայիսի 12-ին, Ազատության հրապարակում։ Հանրահավաքին նախորդելու է Ռուբեն Հախվերդյանի համերգը։