Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ 2017 թվականի մայիսի 10-ի առավոտյան ահազանգ է ստացվել, որ ժամը 08:40-ի սահմաններում Հայաստանի պաշտպանության նախարարության N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Գագիկ Առուշի Մեսրոպյանը, ով զինհոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
Նախնական տվյալներով՝ Գագիկ Մեսրոպյանը վնասվածքը ստացել է ծառայակցի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով, ասված է հաղորդագրությունում:
Քննչական կոմիտեի ԶՔԳՎ 6-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասով (զենքի հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ), կատարվում է նախաքննություն:
«Իրականացվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ զինծառայողի մահվան բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ», - ասված է կոմիտեի հաղորդագրությունում։
Պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուքում գրառում է կատարել, որում նշված է, որ ժամկետային զինծառայողը հրազենային վիրավորում է ստացել Հայաստանի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում։
Հովհաննիսյանը խորին ցավակցություն է հայտնել Մեսրոպյանի (ծնված 1997վականին, Էջմիածնի զ/կ) ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին։