Կվիրիկաշվիլին Թրամփին հրավիրել է Վրաստան

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը ընդունում է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիին, Վաշինգտոն, 8-ը մարտի, 2017թ․

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին հրավիրում է Վրաստան: Վրացական կառավարության ղեկավարը պաշտոնական այցով Թբիլիսի ժամանելու հրավերը Դոնալդ Թրամփին է փոխանցել երկուշաբթի երեկոյան` Սպիտակ տանը կայացած կարճատև հանդիպման ընթացքում:

Կվիրիկաշվիլին Վաշինգտոնում է եռօրյա պաշտոնական այցով, որի ընթացքում ամերիկացի պաշտոնյաների հետ քննարկում է երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները:

Կվիրիկաշվիլիի և Թրամփի` Օվալաձև աշխատասենյակում կայացած հանդիպման մասին երկու կողմն էլ բավական կցկտուր տեղեկություններ են հաղորդում: Վրաստանի կառավարության տարածած տեսանյութը, օրինակ, ընդամենը 10 վայրկյան տևողություն ունի և զուրկ է ձայնից, ուստի հստակ չէ, թե ինչ թեմաների շուրջ են զրուցում Թրամփն ու Կվիրիկաշվիլին: Հանդիպմանը ներկա էր նաև Միացյալ Նահանգների փոխնախագահ Մայք Փենսը, որի հետ հանդիպումն էլ հենց նախորդում էր Վրաստանի վարչապետի այցելությանը ԱՄՆ նախագահի աշխատասենյակ:

«Այս հանդիպման ընթացքում Միացյալ Նահանգների նախագահի կողմից Վրաստանին աջակցության հստակ ազդակներ հնչեցին: Կարծում եմ, որ դա շատ կարևոր նշանակություն ունի Վրաստանի հետագա զարգացումն ապահովելու, մեր երկրում կայունության պահպանման տեսանկյունից: Միացյալ Նահանգները, որպես Վրաստանի գլխավոր ռազմավարական գործընկեր, շարունակելու է լուրջ աջակցություն ցուցաբերել մեր երկրին, և մեր հարաբերություններն առաջիկայում զգալիորեն խորանալու են», - Սպիտակ տանը կայացած բանակցությունների ավարտին հայտարարում էր Վրաստանի վարչապետը:

Մայք Փենսի և Գիորգի Կվիրիկաշվիլիի բանակցությունների մասին տեղեկություններն ավելի շատ են: Այդ առթիվ Սպիտակ տունը նույնիսկ կարճ հաղորդագրություն է տարածել, որից պարզ է դառնում, որ պաշտոնական Վաշինգտոնը հերթական անգամ իր աջակցությունն է հայտնել Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը` երկրի միջազգայնորեն ճանաչված սահմաններում:

«Միացյալ Նահանգների փոխնախագահը մեկ անգամ ևս աջակցություն հայտնեց եվրատլանտյան կառույցներում` այդ թվում ՆԱՏՕ-ի կազմում ընդգրկվելու Վրաստանի որոշմանը», - նշված է Սպիտակ տան հաղորդագրության մեջ: Հանդիպման ընթացքում Փենսը բարձր է գնահատել նաև այն դերակատարությունը որ ստանձնել է Վրաստանը Աֆղանստանում ընթացող գործողության շրջանակներում, չշրջանցելով նաև այն փաստը, որ այդ գործողությունների ընթացքում վրացական բանակը 31 զոհ է տվել:

«Միացյալ Նահանգների փոխնախագահ Մայք Փենսի հետ բավական հանգամանալի հանդիպում ունեցանք: Բանակցությունների ընթացքում որոշակիորեն ամփոփեցինք վերջին 25 տարիների մեր հարաբերությունները: Գիտեք, որ մենք այս տարի նշում ենք Վրաստանի և Միացյալ Նահանգների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյա հոբելյանը, այսօր էլ խոսում էինք ապագա 25 տարիների մասին: Մենք շատ հստակ երաշխիքներ ստացանք, որ Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները հետագայում ևս զարգանալու են բոլոր ուղղություններով», - նշում էր Վրաստանի վարչապետը:

Գիորգի Կվիրիկաշվիլիի խոսքով՝ Վաշինգտոնում կայացած բանակցությունների ընթացքում կողմերը հիմնականում անդրադարձել են պաշտպանության, անվտանգության ոլորտներին, Վրաստանում ժողովրդավարության զարգացմանը ցուցաբերվող աջակցությանը, չի շրջանցվել նաև տնտեսական կապերի հետագա զարգացման հեռանկարը: