Յեյթսը հունվարին ԱՄՆ վարչակազմին զգուշացրել էր՝ Ֆլինին կարող են շանտաժի ենթարկել

ԱՄՆ - Արդարադատության նախկին նախարար Սալի Յեյթսը Սենատում լսումների ժամանակ, Վաշինգտոն, 8-ը մայիսի, 2017թ․

ԱՄՆ նախկին գլխավոր դատախազ (արդարադատության նախարար) Սալի Յեյթսը հայտարարել է, որ հունվարին վարչակազմին տեղեկացրել է Միացյալ Նահանգների նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Մայքլ Ֆլինի հետ կապված վտանգավոր իրավիճակի մասին, մասնավորապես՝ որ նա կարող էր դառնալ շանտաժի առարկա՝ Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կիսլյակի հետ իր կապերի պատճառով:

ԱՄՆ Սենատի իրավական հարցերով ենթահանձնաժողովի լսումների ժամանակ ցուցմունք տալով՝ Յեյթսը պատմել է, որ Ֆլինի մասին երկու անգամ տեղեկացրել է Սպիտակ տան իրավախորհրդատուին:

ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը հրապարակայնորեն պաշտպանել է Ֆլինին, երբ լրատվամիջոցներում տեղեկություններ հայտնվեցին խորհրդականի և Ռուսաստանի դեսպանի հանդիպումների մասին. Այդ սկանդալի պատճառով փետրվարի 13-ին Ֆլինը հրաժարական տվեց:

Սենատում ցուցմունք է տվել նաև ԱՄՆ Ազգային հետախուզության նախկին ղեկավար Ջեյմս Քլեփերը:

Ե՛վ Յեյթսը, և՛ Քլեփերը համոզմունք են հայտնել, որ ռուսաստանյան իշխանությունները խառնվել են Միացյալ Նահանգների ընտրական գործընթացներին, սակայն հրաժարվել են հստակեցնել, թե որքանով դա կարող էր ազդել ընտրությունների ընթացքի վրա: