Մարգարյանը խոստացավ ամբողջովին լուծել տրանսպորտի խնդիրը, «փորձ են կուտակել»

Տարոն Մարգարյան, Երևան, «Մալաթիա-Սեբաստիա» վարչական շրջան, 8-ը մայիսի, 2017 թ․

Քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր չցանկացավ անդրադառնալ «Ելք» դաշինքի խոստմանը, ըստ որի՝ ընտրակաշառք չվերցրած քաղաքացիները, Նիկոլ Փաշինյանի հաղթանակի դեպքում, քաղաքապետարանի բյուջեից 15 հազարական դրամ կստանան:

Քաղաքապետի հանրապետական թեկնածուն Երևանի ավագանու ընտրությունների քարոզչության վերջին շաբաթը սկսեց «Մալաթիա-Սեբաստիա» վարչական շրջանում: Իր ելույթում Մարգարյանն ընդունեց, որ մի քանի տարի առաջ փորձել են լուծել տրանսպորտի խնդիրը, բայց չեն կարողացել:

«Բայց այս տարիների ընթացքում մենք հանգիստ չենք նստել և մեծ փորձ ենք ձեռք բերել, ուսումնասիրելով միջազգային կառույցների փորձը, այլ զարգացած քաղաքներում քաղաքային տրանսպորտը: Եվ մենք կարող ենք ասել, որ մենք ունենք դրա լուծումը: Մեզ անհրաժեշտ է ժամանակ, անրաժեշտ է վստահություն, որ մենք կարողանանք հստակ այդ ոլորտում բարեփոխումներ իրականացնել: Բարեփոխումներ ոչ միայն ժամանակավոր խնդիր լուծելու, այլ ամբողջությամբ քաղաքային տրանսպորտի խնդիրը լուծել: Դա ոչ միայն մեքենաներն են, այլ միասնական տոմս և ամենակարևորը՝ մեր սոցիալապես անապահով խմբերին լրացուցիչ բեռ չավելացնելը»,- իր ելույթում ասաց Տարոն Մարգարյանը:

Չնայած օրենքն արգելում է թեկնածուներին քարոզչության շրջանում նյութական օժանդակություն տրամադրել կամ խոստանալ, այդուհանդերձ, ըստ հայտարարագրերի՝ միլիոնատեր Տարոն Մարգարյանի հետ հանդիպմանը քաղաքացիներն այսօր եկել էին խնդրագրերով: «Բոլոր օրենքները խախտած են իմ օրինական թույլտվության, խնդրում եմ նայել»,- ի պատասխան մի կնոջ այս խնդրանքին, Մարգարյանը խոստացավ՝ «կնայենք»:

Քաղաքապետի քարոզչությանը ներկա էր նաև «Մալաթիա-Սեբաստիա» վարչական շրջանի ղեկավար Արտակ Ալեքսանյանը: Հանրապետական պատգամավոր Սամվել Ալեքսանյանի եղբորորդուն ևս քաղաքացիները հիմնականում խնդրանքներով էին մոտենում: Հավաքին ներկա բազամաթիվ երեխաներից մեկն էլ քաղաքապետից հեծանիվ խնդրեց: «Ձեր թաղամասում հեծանվահրապարակ կա, գնացեք էնտեղ պարապեք, համ էլ կքշեք»,- պատասխանեց Տարոն Մարգարյանը: