Սասուն Միքայելյանը քաղբանտարկյալներ է համարում իր մարտական ընկերներին

Շուշի ազատագրմանը մասնակցած «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը «Ազատության» հետ զրույցում ցավով է նշում, որ այսօր անազատության մեջ են անձինք, ովքեր մեծ դերակատարություն են ունեցել Արցախյան պատերազմի, Շուշիի ազատագրման ժամանակ՝ նրանց համարելով քաղաքական բանտարկյալներ:

«Ազատություն»․ - Շուշիի ազատագրմանը մասնակցած մի շարք անձինք այսօր անազատության մեջ են․ ԼՂ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը «Իգլա»-ի գործով անազատության մեջ է, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանտար Ժիրայր Սեֆիլյանը՝ շենք-շինություններ պահելու, զենք-զինամթերք տեղափոխելու մեղադրանքով․․․

Սասուն Միքայելյան․ - Արայիկ Խանդոյանը, Պավլիկը Մանուկյան: Մեր ճակատագիրն ա, չէ՞: Ձեր կողմից նշված մարդիկ մեծ դերակատություն են ունեցել Արցախյան պատերազմի ժամանակ: Ես ողջունում ու շնորհավորում եմ նրանց: Ես իրանց կողքին եմ միշտ հոգով, սրտով: Փառք ու պատիվ իրանց»:

«Ազատություն»․ - Դուք քաղբանտարկյա՞լ եք նրանց համարում:

Միքայելյան․ - Իհարկե:

«Ազատություն»․ - Ե՛վ Սամվել Բաբայանին, և՛ Ժիրայր Սեֆիլյանին, և՛ Արայիկ Խանդոյանին․․․

Միքայելյան․ - Այո, իրանց քաղաքական հայացքների համար են իրանք դատապարտվել: Եվ ուզում եմ ասել, թեկուզ իրանք մեղքի բաժին կարող ա ունեն․․․ Այսինքն իրանք․․․ Ես միշտ ասել եմ՝ «Սասնա ծռերը» անճարությունից գնացին էդ քայլին, որի պատասխանատվությունը պետք է էլի կրի իշխանությունը:

Սասուն Միքաելյանը հիշում է, 25 տարի առաջ հենց այս օրը Շուշիի ազատագրման ժամանակ 100-ից ավելի բեկորային վնասվածք ստացավ, ու չնայած այդ հանգամանքին, մայիսի 8-ը իր կյանքի ամենաերջանիկ օրերից մեկն է։ Կյանքում 2 անգամ է լաց եղել, առաջինը Շուշիի ազատագրման ժամանակ էր․ - «Քյոսալարի բարձունքը որ վերցրինք, մի արծիվ սկսեց Շուշվա վրա սավառնել, ես էրկու անգամ ուրախությունից լաց եմ եղել․ մեկ Շուշվա ազատագրման, մեկ էլ առաջին շքերթին մեր․․․ Շուշին շատ մեծ նշանակություն ուներ Խոջալուից հետո: Ամենամեծ օպերացիան, որ եղել ա, եղել ա Խոջալուն: Խոջալուից հետո Շուշին ոնց որ բեկում մտցրեց մեր թե՛ պատմության մեջ, թե՛ ժողովրդի հոգեբանության մեջ, հավատի, հաղթողի տեսակի վերականգնման: Որ մեր դարավոր թշնամուն ծնկի ենք բերել»:

Շուշիի ազատագրման արևելյան ուղղությամբ իրականացված գործողությունների հրամանատար Արկադի Կարապետյանը «Ազատության» հետ զրույցում հիշեցրեց, որ մայիսի 8-ին սկսվեցին ռազմական ակտիվ գործողությունները, և մայիսի 9-ի վաղ առավոտյան, 4.30-ի սահմաններում արդեն մտան Շուշի:

Արկադի Կարապետյան

Կարապետյանն ասում է, թե քաղաքի ազատագրումը հեշտ չի տրվել, ինչպես ոմանք ներկայացնում են, թեժ կռիվներ են մղել: Միանգամից 4 ուղղություններով ռազմական գործողություններն իրականացնում էին Սեյրան Օհանյանը, Սամվել Բաբայանը, Վալերի Չիթչյանն և ինքը, ընդհանուր հրամանատարությունը՝ Արկադի Տեր-Թադևոսյանը՝ Կոմանդոսը:

«Վաստակած հաղթանակ էր․․․ քանի որ խաչակիր էինք: Ամեն պատերազմի մեջ լինում ա բեկումնային պահեր․ Շուշին էդ պահն էր, որ թշնամին ընկճվեց ու ջարդվեց: Մենք էլ հակառակը», - ասաց Արկադի Կարապետյանը:

Անդրադառնալով անազատության մեջ գտնվող իր մարտական ընկերներին՝ Արկադի Կարապետյանն ասաց, թե դժվարանում է միաշնանակ ասել, թե արդյոք նրանք քաղաքական հայացքների համար են կալանավորվել․ - «Օրինակ, ես չգիտեմ Սամվել Բաբայանը ինչ խնդիր ունի: Կարող ա Սամվել Բաբայանը խառնված էլ չի էդ գործի մեջ, կարող ա խառնված ա, ես ի՞նչ իմանամ: Ասենք, Պավլիկը [Պավել Մանուկյանը] ամբողջ ազգի առաջ ինչ-որ գործողություն ա արել: Հիմա լավ ա, վատ ա, ամեն մեկը իրա ճշմարտությունն ունի»:

Դիտարկմանը, որ Սասուն Միքայելյանը նրանց քաղաքական բանտարկյալ է համարում՝ Կարապետյանն արձագանքեց․ - «Մարդիկ հելան, ինչ-որ բան ուզեցին անեն: Էդ իմաստով քաղաքականություն էր: Բայց ես գտնում եմ, որ իրանք ուրիշի ջրաղացի վրա ջուր լցրեցին»:

«Ազատություն»․ - Ուրիշն ո՞վ էր:

Կարապետյան․ - Էդ արդեն շատ երկար պատմություն ա:

«Ազատություն»․ - Դուք ուզում ես ասել, որ դե՞մ էիք ՊՊԾ գնդի վրա հարձակմանը։

Կարապետյան․ - Ոնց ասեմ․․․ Ես հասկանում եմ, մարդիկ․․․ իրանց հոգու ճիչն էր, մի ձևի պիտի պայքարեին: Ես չեմ համարում, որ տվյալ գործողությունը ճիշտ էր: Միանշանակ չի: Ես չեմ կարող ասել, որ նրանք քաղաքական բանտարկյալ են, բայց իրանք ինձ համար, ձգտումով դեպի լավը՝ մարդու սիրտը ցավում ա ազգի համար, էդ իմաստով իրանք ինձ համար արժեք են»:

«Ազատություն»․ - Եթե Ձեզ լսելու հնարավորություն ունենային Ձեր մարտական ընկերները՝ և՛ Սամվել Բաբայանը, և՛ Ժիրայր Սեֆիլյանը, և՛ Արայիկ Խանդոյանը, ի՞նչ կասեիք նրանց:

Կարապետյան․ - Եթե խոսքս հասցնելու եք, շնորհավորեք, և իրանց քաջառողջություն, ու Աստված իրանց հետ է: