Հակասական կարծիքներ՝ Ադրբեջանում լրտեսական խմբի բացահայտման վերաբերյալ

Ադրբեջանի պաշտպանության նախարարոսւթյուն

Ներկլանային խմորումներ, թե լրտեսական խմբի բացահայտում. հօգուտ Հայաստանի լրտեսության կասկածանքով ձերբակալված զինվորականների մասին պնդումների շուրջ Ադրբեջանում հակասական կարծիքներ են հնչում:

Հիշեցնենք՝ երեկ Ադրբեջանի իշխանությունները հայտարարեցին, թե զինծառայողների և քաղաքացիական անձանց մի խումբ են ձերբակալել Հայաստանի հատուկ ծառայությունների հետ համագործակցելու մեղադրանքով: Պաշտոնական աղբյուրների պնդմամբ, խումբը իբր սադրանքներ է ծրագրել Ադրբեջանի պաշտպանության նախարարության և Թերթերի շրջանի բնակավայրերի դեմ:

«Հետաքննությամբ պարզվել է, որ հանցախումբը, դավաճանելով Ադրբեջանին, շահադիտական նկատառումներով սերտ համագործակցության մեջ է եղել Հայաստանի հետախուզության հետ՝ պարբերաբար փոխանցելով ռազմական գաղտնիք պարունակող տեղեկատվություն», - ասված է Ադրբեջանի գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունում:

Թե քանի անձ է ձերբակալված և ովքեր են նրանք՝ Ադրբեջանի ուժային կառույցները չեն հստակեցնում. պաշտոնական աղբյուրները նշում են, որ խմբի կողմից նախատեսված սադրիչ ու ահաբեկչական գործողությունները կանխվել են, տարվում են հատուկ գործողություններ բոլոր մեղավորներին պատժելու և պատասխանատվության ենթարկելու համար:

Ադրբեջանի վերլուծական շրջանակներում, մինչդեռ, կասկածի տակ են դնում երկրի ուժային կառույցների այս հայտարարությունները: Հայաստանի օգտին լրտեսության մեղադրանքով ամիսներ շարունակ ադրբեջանական բանտում անցկացրած քաղաքագետ Արիֆ Յունուսը վստահ է, որ Ադրբեջանում հայկական լրտեսների թեման հիանալի գործիք է իշխող վերնախավի ձեռքին ինչ-ինչ ներքաղաքական խաղերի համար:

Ֆեյսբուքյան իր էջում Յունուսը գրում է, որ այդ չակերտավոր լրտեսները ադրբեջանական ուժային կառույցների, մասնավորապես, Պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի և նրա առաջին տեղակալի միջև շարունակվող պատերազմի զոհերն են․ - «Ձերբակալությունների մասին առաջիկա հաղորդագրություններից մենք կիմանանք, ով է հաղթել, և վերնախավի որ խմբավորումն է հաջողությամբ օգտագործել «հայկական գործոնը» իր հակառակորդներին շարքից հանելու համար»:

Արձագանքելով Յունուսի մեկնաբանությանը՝ նույնպես բանտում մոտ երկու տարի անցկացրած հետաքննող լրագրող Խադիջա Իսմայիլովան այլ հանգամանք է նշում՝ թմրանյութեր: «Սպաների համատեղ բիզնեսը տապալվում է ստատուս քվոյի փոփոխությամբ», - գրել է հայտնի լրագրողը:

Ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովը, մինչդեռ, կասկածի տակ չի դնում պաշտոնական հայտարարությունները: - «Նման միջադեպեր ամենուր կարող են լինել, ցանկացած բանակում», - «Թուրան» գործակալությանն ասել է փորձագետը և հավելել․ - «Այս պատմության շուրջ հնչող ոչ առողջ քննադատության հեղինակները կարծես թշնամուն ծառայեն»:

Հատուկ ծառայությունների նախկին սպա Իլհամ Իսմայիլը, մեկնաբանելով հայրենակիցների շրջանում վերջին օրերին ամենաշատը քննարկվող թեման, նշել է, որ Ադրբեջանի և Հայաստանի հետախուզական ծառությունների՝ իրար դեմ աշխատելը բնական երևույթ է, սակայն ներկայիս իրավիճակը առանձնանում է ներգրաված անձանց քանակով:

«Ձերբակալվածների թիվը մոտ քառասուն է, ինչը ցույց է տալիս, թե որքան է բարձիթողի հակահետախույզների աշխատանքը: Որոշ տվյալներով, հայաստանցի հետախույզները, դավաճանների օգնությամբ ադրբեջանական զինվորական համազգեստներով այցելել են մեր շրջկենտրոններ», - նախկին պաշտոնյայի խոսքերն է մեջբերում «Թուրան» գործակալությունը: