Բոստանջյան․ «Ես հակված եմ, որ նոր խորհրդարանը ավելի կառուցողական աշխատի»

«Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչ Վարդան Բոստանջյանը չի բացառում նոր խորհրդարանում համագործակցությունը թե՛ ընդդիմադիր «Ելք»-ի, թե՛ իշխող ուժերի հետ:

«Մինչև օրս մեր խորհրդարանական գործունեությունը ծավալվել է հետևյալ սկզբունքով՝ մենք, միանգամից շեշտադրելով իշխանություն և ընդդիմություն բառերը, դրանց հոմանիշներ ենք ընտրել՝ յուրայիններ և թշնամիներ, բայց իրականում ամբողջ աշխարհում նման բան չկա, պարզապես քաղաքագիտական տեսակետից՝ սա իշխանություն է, իսկ ով իշխանություն չէ՝ ընդդիմություն է: Երկու այս ուժերը, ըստ էության, անկախ քաղաքական ուժերի որոշ հայցքային - գաղափարական տարբերություններից, հիմնականում կիզակիտվում են երկրի առջև ծառացած խնդիրների լուծման վրա: Այդ կտրվածքով արդեն չի լինում ընդդիմադիր և իշխանություն, լինում են գործին նվիրված ուժեր, որոնք իրականացնում են ծրագիրը», - «Ազատության» Կիրակնօրյա վերլուծականի եթերում պատասխանելով Հրայր Թամրազյանի հարցին, թե իրենց դաշինքը պատրա՞ստ է համագործակցել խորհրդարանական ընդդիմության հետ, մեկնաբանեց Բոստանջյանը:

«Ես հակված եմ, որ նոր խորհրդարանը ավելի կառուցողական՝ նման ձևով աշխատի և այդ կտրվածքով մենք «Ելք»-ի հետ էլ, իշխանության հետ էլ շատ հնարավոր է տարբեր հրատապ, առաջնահերթ ու կարևոր խնդիրների վերաբերյալ իրար հետ համագործակցենք», - հայտարարեց «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչը:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև ներկայաված տեսանյութում․