Նախագահ Սարգսյանը շնորհավորել է ԵՄ պատվիրակությանը Եվրոպայի օրվա կապակցությամբ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 6-ին այցելել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակություն և շնորհավորել պատվիրակության աշխատակիցներին Եվրոպայի օրվա կապակցությամբ:

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության տարածած հաղորդագրության համաձայն, այցի ընթացքում Նախագահ Սարգսյանը հանդիպում է ունեցել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի հետ: Զրուցակիցները քննարկել են ԵՄ-Հայաստան հարաբերությունների ու համագործակցության շրջանակը:

«Ես շատ ուրախ եմ, որ վերջին ժամանակահատվածում մենք արձանագրել ենք մեծ հաջողություններ Եվրամիության հետ մեր հարաբերությունների զարգացման գործում և ցանկանում ենք, որ այդ հաջողությունները լինեն շարունակական», - ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության համաձայն, ասել է Սերժ Սարգսյանը: - «Մենք շնորհակալ ենք Եվրամիությանը, անձամբ պատվիրակությանը և Ձեզ՝ դեսպա՛ն Սվիտալսկի, նման համագործակցության և Հայաստանին ցուցաբերվող աջակցության համար», - նշել է ՀՀ նախագահը: