Արդարադատության նախարարությունը ո՛չ հերքում, ո՛չ էլ հաստատում է Պերմյակովի՝ Ռուսաստան տեղափոխվելու լուրը

Վալերի Պերմյակովը դատարանի դահլիճում: Գյումրի, 12-ը հունվարի, 2016 թ․

Հայաստանի արդարադատության նախարարությունը ո՛չ հերքում և ո՛չ էլ հաստատում է լուրն այն մասին, թե Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված ռուս զինծառայող Վալերի Պերմյակովն իր պատիժը կկրի Ռուսաստանում:

Այս մասին ռուսաստանյան РИА Новости գործակալությանը երեկ հայտնել էր Ռուսաստանի Դաշնության հյուսիս-կովկասյան շրջանային ռազմական դատարանի ներկայացուցիչը: - «Իհարկե, նա պատիժը կկրի Ռուսաստանում», - ասել էր գործակալության զրուցակիցը՝ չհստակեցնելով, սակայն, թե Ռուսաստանի հատկապես որ շրջան կտեղափոխվի Պերմյակովը:

Չնայած Ռուսաստանի կողմից հնչող վստահ հայտարարությանը՝ Հայաստանի արդարադատության նախարարությունից հայտնում են, թե դեռ քննարկում են ռուս զինծառայողի «պատժի կրման կազմակերպման» հարցը:

«Ազատության» հետ զրույցում այդ գերատեսչության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Լուսինե Մարտիրոսյանը դժվարացավ ասել, թե երբ կավարտվեն այդ քննարկումները․ - «Հաշվի առնելով, որ առկա է իրավիճակ, երբ Պերմյակովի վերաբերյալ կան և՛ Ռուսաստանի Դաշնության, և՛ Հայաստանի Հանրապետության դատարանների կողմից կայացված վճիռներ, բնականաբար այդ քննարկումները ներկայում իրականացվում են նաև ռուսական կողմի հետ՝ նպատակ հետապնդելով գտնել անհրաժեշտ իրավական լուծումներ պատժի կատարումն ապահովելու համար: Կայացված որոշման վերաբերյալ Արդարադատության նախարարությունը հավելյալ հանրությանը պարտադիր կտեղեկացնի»:

Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը, մինչդեռ, վստահ է, որ այս քննարկումները ոչինչ չեն տալու, և Պերմյակովը պատիժը շարունակելու է կրել Ռուսաստանում: Ռուսները, ըստ նրա, հայերի կարծիքն այս հարցում հաշվի չեն էլ առնի․ - «Այս իշխանությունները ուղղակի Կրեմլի կրունկի տակ են: Կարելի էր ձևականությունների հետևից չընկնել, պոզաներ չընդունել, թե չգիտեմ ինչ ենք քննարկում․․․ ուղղակի ասեին, որ՝ ժողովուրդ, մեզնից կախված չէ, ռուսը թույլ չի տալիս, որ իր զինվորը իր պատիժը այստեղ կրի, քան թե սկսեին էս տեսակ անհեթեթություններ անել և ծաղրուծանակի ենթարկվեին: Հարկավոր է այդ լուրերը հաղորդել, ինձ թվում է, եղանակի տեսությունից հետո, չի կարելի շատ լուրջ վերաբերվել Արդարադատության նախարարության էդ տեսակ բարբաջանքներին, թե մենք քննարկում են, թե որտեղ պիտի․․․ Հա էլի, Պուտինը ձեզ էր հարցնելու, թե որտեղ կրի»:

Օրերս, հիշեցնենք, Վալերի Պերմյակովի հայ պաշտպան Էդուարդ Աղաջանյանը ևս չէր բացառել, որ Պերմյակովը կարող է տեղափոխվել Ռուսաստան:

«Ազատության» դիտարկմանը, որ Ավետիսյանների ընտանիքում մտահոգություն կա, որ Ռուսաստան հասնելուն պես Պրեմյակովն ազատ կարձակվի, Բարսեղյանը կարծիք հայտնեց, որ առհասարակ տարբեր սցենարներ կարող են այստեղ ուրվագծվել, քանի որ, ըստ նրա, հանցագործությունը մինչև վերջ չի բացահայտվել․ - «Բայց կարող է իսկապես ոչնչացնեն [Պերմյակովին], եթե դա կազմակերպված հանցագործություն է, ինչի կասկածները ես ունեմ: Այդ դեպքում հարկավոր է հետքերը մաքրել, ոչնչացնել»:

Ավետիսյանների հարազատները ևս շարունակում են պնդել, որ հանցագործությունն ամբողջությամբ չի բացահայտվել: Սպառելով ներպետական ատյանները՝ Ավետիսյանների իրավահաջորդներն արդարության հասնելու համար կդիմեն Եվրոպական դատարան։

Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահը, իր հերթին, հույս ունի, որ գուցե տարիներ անց այս մութ պատմության փակ էջերը բացվեն․ - «Ի վերջո մի տեղից բացվելու է սա: Բայց ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները ուղղակի ուրացել են յոթը քաղաքացիների կյանքը և արյունը»:

Հիշենք, որ 2015-ի հունվարին Ավետիսյանների ընտանիքի սպանությունից հետո երկարատև ու բազմամարդ ցույցեր էին տեղի ունենում Գյումրիում և մայրաքաղաքում: «Ազատության» հարցին, թե ինչպես կարձագանքեն գյումրեցիները Պերմյակովի՝ Ռուսաստան տեղափոխմանը, այդ ակցիաներին մասնակից Բարսեղյանն ասաց․ - «Ոչ ոք չի զարմանա Գյումրիում, ոչ ոք չի զարմանում Գյումրիում: Տեսել են, իրենց աչքերի առաջ դատերը անցկացվել են ռուսական զորամասում: Այսինքն սպասել ինչ-որ արտառոց ռեակցիա, վերաբերմունք, բողոք․․․ Չէ: Բոլորը իրենց մեջ բողոքում են և արտագաղթում են»: