«Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան, հայազգի աստղ Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է ապրիլ ամսվա լավագույն գոլի հեղինակ:
Ապրիլի 9-ին «Մանչեսթեր Յունայթեդ»-ը հյուրընկալվել է «Սանդերլենդ»-ին և հաղթել 3-0 հաշվով։ Այդ խաղում Մխիթարյանը դարձել է երկրորդ գոլի հեղինակ և այն, ըստ ակումբի անցկացրած հարցման, լավագույնն է ճանաչվել:
Ակումբի պաշտոնական կայքը նշում է, որ Մխիթարանն անցած հինգ ամսում արդեն 4-րդ անգամ է դառնում լավագույն գոլի հեղինակ:
Անցյալ տարվա դեկտեմբերին նույն «Սանդերլենդ»-ի դարպասին նրա հոյակապ գոլը, որը մարզական լրագրողներն անվանում են «կարիճի հարված», ճանաչվել է լավագույն: Դրան հաջորդել են հունվարին «Ուիգան Ատլետիկ»-ի դարպասի գրավումը և փետրվարին գործող չեմպիոն «Լեսթեր»-ին խփած գոլը:
Ակումբի կայքը վկայակոչում է Դորթմունդի «Բորուսիա»-ից Մխիթարյանի նախկին խաղընկեր և լավ բարեկամ, ներկայում Մյունխենի «Բայերն»-ի կազմում հանդես եկող Մաթս Հումելսին, ով կատակով ասել է, թե «ով էլ Անգլիայում պայքարի լավագույն գոլի հեղինակ ճանաչվելու համար, Հենրիխը միշտ պետք է լինի թեկնածուների ցուցակում»։