Աշոտյան․ Հանրապետականը այլ կուսակցությունների ներսում մատ երբեք չի խառնել

Իշխող Հանրապետական կուսակցության փոխնախագահը «Ազատության» հետ զրույցում մեկնաբանում է «Ծառուկյան» դաշինքի մանդատների շուրջ ստեղծված սկանդալը:

«Ազատություն»․ - Մի շարք պատգամավորներ հայտարարեցին, որ թեև Կենտրոնական ընտրական հանձնաժողով իրենց անուններից ինքնաբացարկի դիմումներ են ներկայացվել, բայց իրենք որևէ նման փաստաթղթի տակ չեն ստորագրել: Ինչպե՞ս եք սա գնահատում:

Աշոտյան․ - Եթե իրավական գնահատական պետք է տրվի, ապա կարծում եմ՝ պետք է դիմել պատկան մարմիններին, որոնց նախնական արձագանքը, որքանով ես տեսել եմ, չի ենթադրում այս գործընթացի մեջ որևէ հետևանք:

Քաղաքական տեսակետից՝ կարծում եմ ճիշտ է դիտարկել որպես ներկուսակցական կամ ներդաշինքային գործընթաց, իսկ ուրիշի տուն, ուրիշի օջախ հարևանները, որպես կանոն, չեն մտնում:

«Ազատություն»․ - Սա քաղաքական մշակույթի դեգրադացիայի արտացոլում չէ՞:

Աշոտյան․ - Գիտեք՝ անկախ այս դեպքից, դիտարկենք ընդհանուր տեսական հարթության մեջ․ ունենք քաղաքական կայացող մշակույթ:

«Ազատություն»․ - Ուզում եմ ասել՝ սա մի բան է, որը մշտապես եղել է և հատուկ է բոլո՞ր կուսակցություններին:

Աշոտյան․ - Հանրապետականում երբեք չի եղել նման բան: Ես 2003-ից ՀՀԿ ցուցակի մեջ եմ եղել բոլոր խորհրդարանական ընտրություններին: Մեզ մոտ նման գործելաոճ, նման մշակույթ չկա:

«Ազատություն»․ - Բայց եթե նման հրահանգ լինի, ասենք՝ կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանի կողմից, կենթարկվե՞ն Հանրապետականում, թե՞ նույնպիսի դեմարշ կլինի, ինչպես տեղի ունեցավ Ծառուկյանի դեպքում:

Աշոտյան․ - Դա հրահանգի հարց չէ, դա քաղաքական որոշումների հարց է:

«Ազատություն»․ - Տեսակետ կա, որ այս ինքնաբացարկի դիմումներից հրաժարված և պատգամավորական մանդատը անկախ իրենց կուսակցության կամ դաշինքի ղեկավարի ցանկությունից վերցրած պատգամավորները, եթե չունենային Հանրապետականի, տվյալ դեպքում՝ Սերժ Սարգսյանի աջակցությունը, ապա նման ռիսկի չէին գնա և այսպիսի դեմարշ չէին իրականացնի Գագիկ Ծառուկյանի դեմ: Այսինքն, տեսակետներ կան, որ այստեղ Հանրապետականի մատը, ամեն դեպքում, խառն է:

Աշոտյան․ - Գիտեք՝ ի տարբերություն մեր որոշ ընդդիմադիր գործընկերների, մենք չենք զլանում միևնույն հարցերին հարյուր կամ հինգ հարյուր անգամ պատասխանել, ուստի և Ձեր հարցն եմ ընկալում որպես հարցադրում, բայց պատասխանն էլ շատ կանխատեսելի է և իրականություն է: Հանրապետականը այլ կուսակցությունների ներսում մատ երբեք չի խառնել և չի խառնում: Հանրապետականի մատը փորձում են տեսնել ամենուրեք՝ «Ելք» դաշինքից սկսած, մինչև․․․

«Ազատություն»․ - Դա Ձեզ ձեռնտու չէ՞: «Ծառուկյան» դաշինք խմբակցությունն, ըստ էության, պառակտվեց:

Աշոտյան․ - Ես արդեն ասացի՝ կանխատեսումները անշնորհակալ գործ են այս տեսակետից: Մենք աշխատելու ենք խորհրդարանում միասին՝ 105 պատգամավոր: Քաղաքական համակարգի կայունության տեսակետից, իհարկե, կարևոր է, որպեսզի պատգամավորները ներկայացնեն հասարակության այս կամ այն շերտերը, այսինքն՝ չառաջանա խորհրդարանի և հասարակության միջև խորը փոս, երբ խորհրդարանը չի ներկայացնում հասարակություն: Այս դեպքում մենք ականատես ենք լինում փողոցային պայքարի: Մեզ պետք է, որպեսզի բոլոր խորհրդարանական ուժերը շարունակեն ներկայացնել հասարակության այն հատվածներին, որոնց շնորհիվ հայտնվել են խորհրդարանում:

«Ազատություն»․ - Անդրադառնանք ավագանու ընտրություններին, մյուս շաբաթ արդեն կընտրենք նաև քաղաքապետ: Այսօր Լևոն Զուրաբյանը հայտարարել է, որ այդ ընտրությունները ընտրություններ են «Շրեկի, Չիպոլինոյի և Ձյունանուշիկի միջև»: Ինչպե՞ս կգնահատեք այս հայտարարությունը:

Աշոտյան․ - Եթե ես հիմա ընկնեմ Լևոնի առաջարկած մշակութաբանական դաշտը, ապա կարող եմ հակադարձել դիսնեյան բազմաթիվ պերսոնաժներով՝ հենց պարոն Զուրաբյանին: Չեմ ուզում դա անել: Գտնվենք ավելի խոհեմ․ բոլորին է դա վերաբերում: Քաղաքականությունը սրամտություն պահանջում է, բայց այդ սրամտության սահմանը նաև էթիկան է: Իմ անցած ճանապարհով՝ ես էլ եմ արել երբեմն նման արտահայտություններ, բայց տարիների ընթացքում իմաստնություն, փորձ և կոփվածք եմ ձեռք բերել, որպեսզի դա չդարձնեմ գործելաոճ:

«Ազատություն»․ - Ամեն դեպքում՝ նա հավելել է, որ թեև Շրեկը, Չիպոլինոն և Ձյունանուշիկն են իրար հետ մրցում, բայց հաղթելու է մուլտիպլիկատորը՝ այստեղ նկատի ունենալով Սերժ Սարգսյանին, որ՝ ի վերջո նա է որոշում:

Աշոտյան․ - Դե՝ եթե մուլտիպլիկատոր կա մեր երկրում, ապա բոլոր անիմացիոն պերսոնաժների մեջ իր մատը խառը պետք է լինի: Այդ դեպքում հարցնեիք Լևոն Զուրաբյանին՝ մուլտիպլիկատորը իրենց ի՞նչ կերպարով է նկարում: