«Փորձ է արվում ստեղծել Սերժ Սարգսյանի հուսալի հենարան», - մեկնաբանելով «Ծառուկյան դաշինքում» մանդատների հետ կապված վերջին սկանդալային պատմությունը՝ կարծիք հայտնեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը։
Նրա խոսքով՝ այս գործընթացները տեղի են ունենում 2018-ից հետո Սերժ Սարգսյանի և Հանրապետականի վերարտադրման ծրագրի շրջանակներում․ - «Սերժ Սարգսյանին բավարար չէ այն մեծամասնությունը, որ ինքը այսօր ունի պառլամենտում, որովհետև դա նաև մի քիչ խարխուլ մեծամասնություն է․ մի տարի հետո կարող է ինչ-որ խմբեր լքեն, քաղաքական ներքին պայքարը սրվի: Այն այսպես կոչված ապստամբությունը, որը տեղի ունեցավ «Ծառուկյան դաշինքի» ճամբարում, ուղղված էր հենց դրան: Միանշանակ ուղղորդվող և վերահսկվող գործընթաց է»:
Երբ լրագրողները Զուրաբյանի գնահատականները փոխանցեցին ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին, վերջինս ասաց, թե ինքը նույնպես կարծում է, որ առանցքային քաղաքական ուժը Հանրապետականն է: Ապա պնդեց․ - «Մենք չենք խառնվում որևէ քաղաքական ուժի, որևէ կուսակցության ներքին հարցերին: Համբերեք ևս մի քանի օր, և իրենք իրենց հարցերը կպարզաբանեն: Եթե իրենք ինքնուրույն չեն կարող պարզաբանել, դրանով կզբաղվեն իրավապահները»:
Այսօր հինգերորդ գումարման Ազգային ժողովի վերջին ճեպազրույցն էր: Լրագրողների հետ հանդիպելու եկել էին միայն ընդդիմադիր ՀԱԿ և իշխանական Հանրապետական խմբակցության ղեկավարները:
Ընտրությունների պաշտոնական արդյունքներով խորհրդարան չանցած «Հայ ազգային կոնգրեսի» ներկայացուցիչ Լևոն Զուրաբյանն ասաց, որ շարունակելու են պայքարել Սահմանադրության ընձեռած բոլոր միջոցներով․ - «Այս պահին որևէ քաղաքական ծրագիր, պլան չկա, բայց հաշվի առնելով, որ երկիրը շատ ծանր վիճակում է, հաշվի առնելով այն հանգամանքը, որ մենք ունենք մի փտած, կոռումպացված իշխանությունը, որը չունի զարգացման ծրագիր: Ներդրում Հայաստանի չի եղել ու չի էլ լինի, ինչքան էլ որ խոսեն 900 միլիոն դոլարի, չգիտեմ 3 միլիարդի, 15 միլիարդի․․․ Դրանք բոլորը հեքիաթներ են: Սա նշանակում է, որ օրակարգը մնում է նույնը՝ իշխանափոխություն, փտած համակարգի ապամոնտաժում, հարևանների հետ հարաբերությունների կարգավորում: Կա՛մ մենք իշխանափոխությունով կզբաղվենք, կա՛մ իշխանափոխություն եթե չի լինի, մենք էլ չենք լինի, պետությունը չի լինի»:
ՀԱԿԿ-ը չի բացառում փողոցային նաև պայքարը․ - «Հիմա ես ձեզ ասեմ՝ չէ, այս օրը մենք անելու ենք հանրահավա՞ք․․․ Դա մի քիչ լուրջ չի: Գալիս են քաղաքական վիճակներ, երբ որ պետք է սպասես, որ մի քիչ ջրերը պարզվեն, մի քիչ պրոցեսները զուլալվեն, և նոր այդ ժամանակ հանդես գաս լուրջ ծրագրերով»:
Լևոն Զուրաբյանը, ի դեպ, այսօր նաև նկատեց, թե Երևանի ավագանու առաջիկա ընտրությունների մասին հնարավոր չէ լուրջ խոսել․ - «Ոնց որ լինի Շրեկի, Չիպոլինոյի և Ձյունանուշիկի միջև մի հատ սենց պայքար, որում հաղթելու է գլխավոր մուլտիպլիկատորը: Ընդ որում այդ մուլտիպլիկատորը Դիսնեյի տաղանդը չունի հաստատ․ բացի փչացնելուց, նա ոչ մի ուրիշ լավ բան չի ստեղծում»:
Վահրամ Բաղդասարյանը նախընտրեց չհակադարձել Զուրաբյանի համեմատությանը: